ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.03.2014
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուսետոն աշխատանքային այց են կատարել «Խոսրովի անտառ» պետական արգելոց

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը և ՀՀ-ում ՄԱԿ-ի ներկայացուցիչ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուսետոն  աշխատանքային այց են կատարել «Խոսրովի անտառ» պետական արգելոց: Այց կազմակերպվելը նախաձեռնվել էր այն բանից հետո, երբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին 2013թ. սեպտեմբերի 4-ին շնորհվեց հատուկ պահպանվող տարածքի Եվրոպական դիպլոմ, ինչը տարածաշրջանում միակն է: Նախարարը և Բրեդլի Բուսետոն շրջայց են կատարել արգելոցի վարչական շենքում գործող թանգարանում, դիտել Խոսրովի անտառի կենսաբազմազանությունը ներկայացնող կենդանիների և բույսերի ցուցանմուշները: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչը գրառում է կատարել թանգարանի պատվավոր այցելուների մատյանում: Հյուրերին ներկայացվել է արգելոցում իրականացվող բնապահպանական ծրագրերը և  պահպանման ռեժիմի առանձնահատկությունները: Աշխատանքային քննարկման ժամանակ կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ ՀՀ բնապահպանության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համագործակցության ընթացքում հաջողությամբ իրականացվել են մոտ 31 ազգային և 10 տարածաշրջանային ծրագիր, այդ թվում նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուսետոն կարևորել է Բնապահպանության նախարարության հետ համագործակցության որակական մեծ ձեռքբերումները և նկատել որ համատեղ աշխատանքների արդյունավետությունը բարձր են գնահատել նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համապատասխան կառույցները: Վերջին տարիներին իրականացվում են բնապահպանական ծրագրեր` կլիմայի փոփոխության, տեղեկատվության և մոնիթորինգի համակարգի օպտիմալացման, պահպանվող տարածքների համակարգի հզորացման և ֆինանսական կայունության խթանման, քաղաքային ջեռուցման և էներգաարդյունավետության  ինչպես նաև Քուռ-Արաքս գետավազանի անդրսահմանային դեգրադացիայի նվազեցման ուղղություններով: Նախարար Արամ Հարությունյանը և Բրեդլի Բուսետոն քննարկել են ոլորտի խնդիրների լուծմանն ուղղված հեռանկարային մի շարք այլ ծրագրեր: Այնուհետև ՀՀ բնապահպանության նախարարը և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչը խորհրդանշական ծառատունկ են իրականացրել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի վարչական սահմանին հարակից տարածքում, ծանոթացել արգելոցի Այցելուների կենտրոնի մոտակայքում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջոցներով կառուցված և էկոտուրիզմը խթանող շինությանը: