ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին: Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ կարևորելով երկու պետությունների բնապահպանական կառույցների համագործակցության սերտացման և փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Հյուրի խնդրանքով նախարար Արամ Հարությունյանը տեղեկություններ է տրամադրել Բնապահպանության նախարարության կառուցվածքի և հիմնական գործառույթների վերաբերյալ: Ներկայացվել է նաև Հայաստանի բնապահպանական խնդիրների առանձնահատկությունները և դրանց լուծման ուղղությամբ տարվող պետական ծրագրային աշխատանքները: Կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրներում՝ միջավայրի պահպանության նպատակով տարվող աշխատանքների և էկոտուրիզմի կարևորության հարցերի շուրջ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Ջովաննի Ռիչուլլին հավաստիացրել է, որ միջոցներ է ձեռք առնելու Հայաստանի և Իտալիայի բնապահպանական գերատեսչությունների միջև կապերը սերտացնելու և փոխգործակցության ոլորտն ընդլայնելու ուղղությամբ: Նախարար Արամ Հարությունյանը դեսպանին հրավիրել է իրեն հարմար ժամանակահատվածում համատեղ այցելություն կատարել Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներից որևէ մեկը՝ տեղում տարվող աշխատանքներին ծանոթանալու համար: