ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.02.2014
Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրային պաշարների ռացիոնալ օգտագործման նպատակով փոփոխություններ են կատարվում մի շարք օրենքներում

Արարատյան հարթավայրումջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդիրներին համակարգված լուծում տալու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությունը նախաձեռնել է փոփոխություններ և լրացումներ կատարել  Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում, «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին», «Լիցենզավորման մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքների նախագծերում: Վերոհիշյալ օրենքներում առաջարկվող փոփոխությունների փաթեթն ուղարկվել է համապատասխան շահագրգիռ գերատեսչություններին՝ կարծիքի: ՀՀ ջրային օրենսգիրքն ընդունվել է  2002 թվականինև նրանում փոփոխություններ կատարելու նպատակը պայմանավորված է նոր օրենքների ընդունմամբ,ինչպես նաև օրենսգրքում առկա թերությունների շտկմամբ,  կապված՝ ջրային ռեսուրսների մոնիթորինգի ու ջրային ռեսուրսների պետական կադաստրի վարման, ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման գործընթացների և ջրային ռեսուրսների ջրօգտագործման հուսալիության երաշխիքի  հետ:       Օրենքների նախագծերի մշակումը նաև բխում է 2013 թ. սեպտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության նախագահի մոտ կայացած խորհրդակցության արձանագրությամբ նախատեսված պահանջներից: «Լիցենզավորման մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի ընդունման նպատակը ստորերկրյա ջրերի արդյունահանման համար հորատման գործընթացի վերահսկելիության ապահովումն է:       «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը կհանգեցնի մակերևութային և ստորերկրյա ջրերի օգտագործման առանձնահատկությունների հստակեցմանը, կապված` ջրային հաշվեկշռի, ջրային ռեսուրսների մոնիթորինգի, ջրային ռեսուրսների պետական կադաստրի, ջրօգտագործման թույլտվությունների, ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման և պահպանման, ջրային ռեսուրսների կրկնակի (երկրորդային) օգտագործման և ջրօգտագործման հուսալիության երաշխիքի  հետ:  Առաջարկվող օրենսդրական փոփոխություններով կկանոնակարգվեն կարգավորումից դուրս մնացած հարաբերություններ, կհստակեցվեն որոշակի դրույթներ, ինչը կհանգեցնի օրենքների առավել հասցեագրված կիրառմանը և կբացառի նրանց տարաբնույթ մեկնաբանությունները: