ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.12.2013
Բնապահպանության նախարարն ամփոփել է 2013թ. նախարարության գործառույթների, գերակա խնդիրների իրագործման աշխատանքները

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը դեկտեմբերի 27-ին հրավիրած ասուլիսում ամփոփել է նախարարության 2013 թ. իրականացրած ընթացիկ և ծրագրային աշխատանքների արդյունքները: Հայտարարելով, որ ՀՀ բնապահպանության նախարարության իրականացրած աշխատանքների հիմնական նպատակն եղել է ՀՀ կառավարության 2013 թվականի գործունեության և գործադիրի հաստատած ռազմավարական նշանակության ծրագրերով նախատեսված բնապահպանության ոլորտի գծով գերակա խնդիրների և միջոցառումների կատարման ապահովումը՝ նախարարը հրապարակել է ամփոփ վիճակագրական տվյալները և հիմնական ձեռքբերումները: Արամ Հարությունյանը հատկապես կարևորել է այն փաստը, որ կայունացել է Սևանա լճի մակարդակի բարձրացման միտումը: 2001 թվականից լճի մակարդակը բարձրացել է շուրջ 3.82 մետրով: Համաձայն «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի պահանջների՝ 2001թ. մինչև 2013թ. ավարտը լճի մակարդակի բարձրացման տեմպերի թիրախային հաշվարկային ցուցանիշը պետք է կազմեր 2.6մ (տարեկան 21.6սմ): 2013թ. դեկտեմբերի 26-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.16մ, ինչը 2001թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ (1896.34մ) 3.82մ-ով ավելի է և փաստացի 1.22մ-ով գերազանցել է 6 տարվա տեմպերի ցուցանիշը: 2013 թ. ջրի մակարդակը բարձրացել է 5 սմ.: Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջրածածկման ենթակա հատվածներում այս տարի փաստացի մաքրվել է 82.5 հա տարածք: Սևանի էկոհամակարգի վերականգմանն ուղղված կարևոր քայլերից նախարարը կարևորել է 2007 թվականից մեկնարկած Սևանի ձկնային պաշարների համալրման գործընթացը: Միայն վերջին չորս տարիներին լիճ է բաց թողնվել 1.մլն 292 հազար ամառային իշխան և գեղարքունի ձկնատեսակների մանրաձուկ, իսկ 2013թ.ին՝ 366.6 հազ. հատ մանրաձուկ: Բնապահպանության նախարարը տեղեկացրել է, որ արդեն մի քանի տարի ընթացող Արարատյան հարթավայրում, դեռ խորհրդային տարիներից ժառանգություն ստացած և վերջին 20 տարվա ընթացքում բացված խորքային ապօրինի հորերի գույքագրման, Արարատյան հարթավայրում հիդրոերկրաբանական ուսումնասիրությունների փուլից նախարարությունն անցել է լուծարման և կոնսերվացման փուլ: Այս պահի դրությամբ արդեն լուծարվել, կոնսերվացվել և փականային ռեժիմի է բերվել 46 խորքային ապօրինի հոր: Հորատանցքերի լուծարման և կոնսերվացման շնորհիվ մինչև հունվարի 1-ը կխնայվի մինչև 3500-4000լ/վրկ ջուր: Լուծարման և կոնսերվացման աշխատանքներն ընթացքի մեջ են և կշարունակվեն նաև 2014թ.-ին՝ համաձայն հաստատված ժամանակացույցի: Կարևորելով Արարատյան ջրային ավազանի հիմնախնդիրների լուծման օրենսդրական միջոցները՝ Արամ Հարությունյանը հիշատակել է դեկտեմբերին ԲՆ-ի նախաձեռնությամբ ԱԺ-ի ընդունած «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքները: Նախարարը բարձր է գնահատել այն փաստը, որ սեպտեմբերին «Խոսրովի անտառ» պետական արգելոցին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն շնորհեց «Եվրոպական պահպանվող տարածքի» դիպլոմ, որն առաջինն է տարածաշրջանում: Ըստ նախարարի, այն ավելի շատ պարտավորեցնող է և լրացուցիչ պայմաններ է առաջադրում Հայաստանի՝ նման կուսական հարուստ բնաշխարհով տարածքի պահպանման մակարդակը բարձրացնելու համար: Շարունակելով բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվող ծրագրերի թեման՝ Արամ Հարությունյանը տեղեկացրել է, որ այս տարի Կովկասի բնության հիմնադրամի և «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջև կնքվել է դրամաշնորհային ծրագիր՝ 2014 թվականից հիմնադրամի հաշվին ազգային պարկի ֆինանսավորման ծավալներն ավելացնել մինչև 41.7 մլն դրամ: Ավելացել է նաև ազգային պարկի բյուջետային հատկացումների ծավալը՝ ըստ 2014-2016թթ. միջնաժամկետ ծրագրի, վերոհիշյալ գումարը կկրկնապատկվի: Ֆինանսավորման ծավալների ավելացումը հնարավորություն կտա ապահովել ՀՀ կառավարության 2011թ. որոշմամբ հաստատված «Արփի լիճ» ազգային պարկի կառավարման պլանով հաստատված պահպանության և այլ միջոցառումների կատարման բնականոն ընթացքը: Ըստ նախարար Հարությունյանի, սկսված նոր նախաձեռնություններից հիշատակման է արժանի նախարարության հովանու ներքո Բնության համաշխարհային հիմնադրամի՝ Անդրսահմանային միացյալ քարտուղարության աջակցությամբ սեպտեմբերին մեկնարկած Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիրը, որի հիմնական նպատակն է «Դիլիջան» ազգային պարկում հիմնել նշված տեսակի վերարտադրվող խումբ: Եղջերուները կբազմացվեն, իսկ այնուհետև ազատ կարձակվեն բնություն: Ծրագիրը ֆինանսավորում են WWF Գերմանիան՝ 25 600 000 և Orange Արմենիան՝ 10 000 000 ՀՀ դրամով: ԲՆ նախարարը տեղեկացրել է, որ գերմանական KfW ընկերության հետ ավարտվել և ՀՀ բնապահպանության նախարարության կողմից միջազգային մրցույթ հայտարարելու իրավասություն ունեցող KfW բանկին է փոխանցվել <<Սյունիքի մարզում կենսոլորտային տարածքի ստեղծում>> ծրագրի մրցութային փաթեթը, որի հիման վրա ս.թ. սեպտեմբերի 25-ին հայտարարվել է ծրագրի իրականացման խորհրդատուի ընտրության միջազգային մրցույթ: Իր խոսքի վերջում Նախարարը նշել է, որ նախարարության տեսչական ստուգումների, իր հրամանով ձևավորված «Արագ արձագանքման խմբի» ստուգայցերի և Նախարարության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում հայտնաբերվել են 897 բնապահպանական օրենսդրության խախտումներ: Կազմվել է 45,4մլն դրամի վարչական տուգանքի 663 ակտ և 103,7 մլն.դրամի վնասի հատուցման 438 արձանագրություն: Բնապահպանության նախարարությունը դատաքննչական մարմիններին է ներկայացրել 66.7 մլն.դրամի 219 գործ: