ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.12.2013
Արգելվել է Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հրաման է ստորագրել 2013-2014 թթ. Սևանա լճում ձկան բնական վերարտադրության ժամանակահատվածում իրականացվող միջոցառումների վերաբերյալ: Հրամանով սիգ և իշխան ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում 2013թ. դեկտեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 25-ը դադարեցվել է Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը:        «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին հանձնարարվել է շուրջօրյա շրջիկ հսկողություն իրականացնել լճի առափնյա տարածքում և գետաբերաններում, ինչպես նաև ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության,    Ոստիկանության Գեղարքունիքի տարածքային բաժնի, Գեղարքունիքի մարզպետարանի և համայնքների ղեկավարների հետ կազմակերպել ստուգայցեր: Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությանը հանձնարարվել է  վերահսկողական ստուգայցեր կազմակերպել Սևանա լիճը գոտևորող մայրուղիներում, քաղաքային շուկաներում և լիճ թափվող գետերի վրա:    Հրամանագրով սահմանված միջոցառումները արդյունավետ իրականացնելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությունը, ՀՀ ոստիկանությունը և Գեղարքունիքի մարզպետարանը ստորագրել են  որսի արգելման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների ծրագիր: