ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով և արդյունավետ աշխատանք մաղթելով հյուրին՝ նախարար Արամ Հարությունյանը կարևորել է այն փաստը, որ վերջին տարիների ընթացքում բնապահպանական ոլորտում երկրները ձևավորել են համատեղ աշխատանքային մի քանի խումբ, որոնք արդյունավետորեն համագործակցում են, բարձրացնում հարցեր, և տալիս համապատասխան լուծումներ: «Ոլորտում շատ լուրջ ծրագրեր ունենք և քայլ առ քայլ լուծում ենք դրանք»,- ասել է Արամ Հարությունյանը Կողմերը քննարկել են երկու հարևան պետությունների միջև բնապահպանության ոլորտում փոխգործակցության ներկա մակարդակի, հեռանկարային ծրագրերի ընթացքին վերաբերող այլ հարցեր ևս, մասնավորապես՝ Արաքս գետի ջրերի որակի համատեղ մոնիթորինգի վերաբերյալ: Անդրադարձ է եղել այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործման հնարավորություններին և դրանց կիրառման հեռանկարներին, մասնավորապես՝ ջրի, քամու և արևի էներգիայի օգտագործմանը: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն անդրադարձել է հարևան պետությունների սահմանագծում «Բարեկամության և խաղաղության այգու» հիմնման և հետագայում երկու երկրների սահմանամերձ պահպանվող տարածքների՝ «Արևեկի» ու «Դիզմարի» միջև էկոլոգիական միջանցքների և միգրացիոն ուղիների առանձնացման հարցերին՝ նկատելով, որ նախագծի իրագործումը կխթանի տարածաշրջանում էկոլոգիապես մաքուր միջավայրի ստեղծմանը, ինչն իր հերթին կնպաստի բազմաթիվ էկոլոգիական խնդիրների լուծմանը: Բնապահպանության ոլորտում տարվող աշխատանքները որակապես նոր հարթության վրա դնելու և եղած ծրագրերի իրականացումն արագացնելու նպատակով ԻԻՀ էներգետիկայի նախարարը ՀՀ բնապահպանության նախարարին հրավիրել է աշխատանքային այց կատարել Իրան: