ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.11.2013
ՀՀ բնապահպանության նախարարը հանդիպել է շուրջ 80 ձկնաբուծական տնտեսության ներկայացուցիչների հետ

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հանդիպել է Արարատի և Արմավիրի մարզերի շուրջ 80 ձկնաբուծական տնտեսության ներկայացուցիչների հետ: Ներկայացնելով խորքային ապօրինի հորերի կոնսերվացման և փակման ուղղությամբ Կառավարության ձեռնարկած վերջին քայլերը՝ նախարարը շեշտել է, որ պատասխանատու գերատեսչությունը վճռական է տրամադրված հիմնախնդիրը լուծելու և  արտեզյան ջրերի հորիզոնների մակարդակն վերականգնողականի հասցնելու հարցում և այդ ուղղությամբ ձեռնարկում է համապարփակ օերնսդրական և գործնական միջոցառումներ:         Նախարար Հարությունյանը նկատել է, որ արդյունավետ կլինի, եթե գործադիրն  աշխատի ոլորտում գործունեություն ծավալած տնտեսվարողների հետ փոխադարձ համաձայնության դաշտում՝ խուսափելով պետական միջոցներով հորերը կոնսերվացնելու և հետագայում դատարանի որոշումներով տնտեսվարողներից ծախսված գումարները գանձելու տարբերակից: Սակայն նույնիսկ պարտադիր կարգով կոնսերվացնելու դեպքում էլ առաջնային կդիտարկվի տնտեսվարողների շահերը, աշխատանքները կարվեն հիմնավոր հաշվարկներից ու իրավիճակի առարկայական գնահատականներից հետո միայն և այնպես՝ որպեսզի տնտեսվարողին հնարավորություն ու ժամանակ տրվի կարգավորել իր գործողությունները՝ տնտեսական վնասներից խուսափելու համար:     Նախարար Հարությունյանը նկատել է, որ խորքային ջրերի մակարդակի վերականգնումը բխում է ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսությունների շահերից, ինչը՝ ոլորտում երկարաժամկետ գործունեություն ծավալելու հիմնական գրավականն է: Հանդիպման մասնակիցներին առաջարկվել է առաջիկա երկու ամսվա ընթացքում սեփական նախաձռնությամբ կոնսերվացնել զգալի քանակության ինքնաշատրվանող ապօրինի հորեր, ինչը պատրաստակամությամբ է  ընդունվել:    Համատեղ աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար, Արամ Հարությունյանը առաջարկել է ձևավորել ձկնաբույծների ներկայացուցիչների խումբ, որը կմասնակցի ՀՀ բնապահպանության նախարարությունում՝ խնդրի վերաբերյալ անցկացվող ամենշաբաթյա խորհրդակցություններին: