ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.09.2013
Հայաստան հրավիրված նվիրատուների մեծ խումբը նախատեսում է միջոցներ հատկացնել բնապահպանական խնդիրները լուծելու համար

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը մասնակցել է «Երևան» հյուրանոցում տեղի ունեցած Կովկասի բնության հիմնադրամի և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստան հրավիրված նվիրատուների խմբի հյուրընկալման արարողությունը: Խմբում ընդգրկված են շուրջ 20 անհատներ՝ նախկին և ներկա գործարարներ, դիվանագետներ և բարեգործներ: Այցի նպատակն է նվիրատուներին ներկայացնել Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունը և խթանել մասնավոր նվիրատվությունները՝ հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվող ծրագրերի համար: Արարողությանը մասնակցում էին Հայաստանում արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների և գործարար շրջանակների ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հյուրերին ներկայացրել է ՀՀ կենդանական և բուսական աշխարհի բազմազանությունը՝ հատկանշական համարելով, որ հանրապետության փոքր տարածքի վրա կա 3500 բուսատեսակ և 17500 կենդանատեսակ /500 ողնաշարավոր/:  Ներկայացնելով հատուկ պահպանվող տարածքների ուղղությամբ պետության կատարած աշխատանքները ՝ նախարարը ընդգծել է, որ միայն վերջին մի քանի տարում ստեղծվել է երկու ազագային պարկ և երեք արգելոց: Ա. Հարությունյանը բարձր է գնահատել Կովկասի բնության հիմնադրամի հետ համագործակցությունը, ինչն առարկայական է և դրա արդյունքում ներդրումները Հայաստանի բնապահպանական ոլորտում ամեն տարի կրկնապատկվում են: «Համոզված եմ, որ այս գործընթացն շարունակական է լինելու և ներդրումների շրջանակները կմեծանան: ՀՀ կառավարությունը շատ բարձր է գնահատում այս նախաձեռնությունը: Մենք նաև ուրախ ենք, որ մեր թիմը մեծանում է: Մեծ պատասխանատվությամբ և պատրաստակամությամբ ենք համակված՝ շարունակելու մեր աշխատանքները և համոզված եմ, որ մեր բոլոր նախաձեռնությունները կհաջողեն»,- հայտարարել է Արամ Հարությունյանը: Խոսքի վերջում ՀՀ բնապահպանության նախարարը շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր իրենց ներկայությամբ և համեստ ներդրումներով պատվել են Հայաստանը: Ելույթներով հանդես են եկել նաև Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը և Կովկասի բնության հիմնադրամի տնօրեն Դեյվիդ Մորիսոնը: