ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.09.2013
Հիդրոերկրաբան Հովիկ Աղինյանը 75 տարեկան է

Լրանում է հայ անվանի հիդրոերկրաբան Հովիկ Արտաշի Աղինյանի 75 ամյակը: Հովիկ Աղինյանը զբաղվել է հիմնականում ստորերկրյա ջրային ռեսուրսների և շահագործական պաշարների ուսումնասիրմամբ և գնահատմամբ՝ հետագայում դրանք ներկայացնելով պաշարների պետական հանձնաժողովների հաստատմանը: Նրա կողմից գնահատվել են բոլոր գետավազանների ստորերկրյա ջրերի բնական ռեսուրսները: Հատկանշական է նրա աշխատանքներն Ախուրյանի գետավազանում՝ մասնավորապես Շիրակի գոգավորության գրունտային ջրերի հաշվեկշռի ուսումնասիրության բնագավառում: Հազվադեպ են հիդրոերկրաբանական այն քարտեզները, որոնք չեն կազմվել Հ. Աղինյանի մասնակցությամբ: Դեռևս 1988թ ԱԱԱ-ի ստորերկրյա ջրերի պաշարները հաստատելուց 3-4 տարի անց Աղինյանն անհանգստանում էր, որ պաշարները հաշվարկվում են իրականից բարձր: Ժամանակին դրանք պայմանավորված էին Սևանից ոռոգման նպատակներով մեծաքանակ ջրերի բացթողումներով, որոնց հաշվին ձևավորվում էին նշանակալի քանակով ստորերկրյա ջրերի արհեստական ռեսուրսները: Հետագայում, կապված Սևանից ջրերի բացթողումների դադարեցման հետ, բացահայտվեցին ստորերկրյա ջրերի արհեստականորեն ուռճացված ռեսուրսները, ինչպես նաև դրանց հիման վրա գնահատված ստորերկրյա ջրերի շահագործական պաշարները: Ու այնպես ստացվեց, որ միայն 30 տարի անց իրականացան նրա կանխատեսումները: Մեծ է Հ. Աղինյանի ներդրումը ՀՀ ԱԷԿ-ի ստորերկրյա ջրերի և շրջակա միջավայրի վրա փոխազդեցությունների գնահատման ասպարեզում: Աշխատանքների արդյունքում գնահատվել են ԱԷԿ-ի հնարավոր ազդեցությունը ստորերկրյա ջրաղբյուրների և շրջակա միջավայրի վրա, որի արդյունքները հետագայում քննարկվել են ՀՀ կառավարությունում և այլ վերադաս մարմիններում՝ դառնալով ուղեցույց ԱԷԿ-ի հետագա անվտանգ շահագործումն ապահովելու համար: Գիտնականը մեծ ներդրում ունի նաև սողանքային երևույթների ուսումնասիրության բնագավառում: Աղինյանի կատարած աշխատանքներն ամփոփվել են ավելի քան 40 աշխատություններում, հաշվետվություններում: Տարբեր գիտական ամսագրերում, հրատարակվել են ավելի քան 25 գիտական հոդվածներ: Իր աշխատանքային գործունեության համար գիտնականը արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրին: Նա արժանացել է նաև ՀՀ բնապահպանության նախարարության <<Երկրաբանության բնագավառում նշանակալի ավանդի համար>> գերատեսչական ոսկե մեդալի: Հովիկ Աղինյանն առ այսօր աշխատում է ՀՀ բնապահպանության նախարարության <<Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոնում: Նա ճանաչված և սիրված մասնագետ է ինչպես իր աշխատանքային կոլեկտիվում, այնպես էլ ջրային ռեսուրսների հետ առնչվող գիտահետազոտական և նախագծային շատ կազմակերպությունների աշխատակիցների շրջանում: *** Հովիկ Աղինյանը ծնվել է 1938թ. Տավուշի մարզի Նոյեմբերյանի ենթաշրջանի Բերդավան գյուղում: 1958թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը և 1963թ ավարտել` <<հիդրոերկրաբանություն և ինժեներական երկրաբանություն>> մասնագիտությամբ: 1963-1965թթ աշխատել է <<Հայգյուղնախագիծ>> ինստիտուտում, որպես երկրաբան և ավագ երկրաբան: Կատարել է ջրամբարների և ջրանցքների նախագծման համար անհրաժեշտ հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական աշխատանքներ: 1965-2009թթ աշխատել է Երկրաբանական վարչության հիդրոերկրաբանական կազմակերպություններում, որպես հիդրոերկրաբան: 1982թ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն <<Լավային ապարների ստորերկրյա ջրերի ձևավորման և ուսումնասիրման առանձնահատկությունները>> թեմայով, որը հետագայում պրակտիկ մեծ նշանակություն ունեցավ ՀՀ հրաբխային լեռնաշղթաներում ստորերկրյա ջրերի որոնման, հետախուզման և շահագործման բնագավառում: