ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.08.2013
ՀՀ բնապահպանության նախարարության պատասխանը «Դանդի փրեշս մեթլս կապան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի հայտարարությանը

     «Դանդի փրեշս մեթլս կապան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը լրագրողների հետհանդիպման ժամանակ  հնչեցրել էր անհիմն և ոչ կոռեկտ դատողություններ ՀՀ բնապահպանության նախարարության հասցեին: Մասնավորապես՝ հռետորական հարցադրում էր արվել, թե ինչու է  ՀՀ բնապահպանության նախարարությունը ստուգումներ անցկացնում ԴՓՄԿ ընկերությունում: Նկատենք, որ Նախարարությունը վերոհիշյալ ընկերությունում  ստուգումներ էր իրականացրել 2010 թվականին: Վերջին ամիսներին ՀՀ բնապահպանության նախարարությունը բնապահպանական և իրավապաշտպան հասարակական կազմակերպություններից ստացել էր բազմաթիվ հարցումներ, որոնցում հեղինակները խնդրել էին պարզաբանումներ տալ «Դանդի փրեշս մեթլս կապան» ՓԲ ընկերության՝ բնապահպանական խնդիրներին առնչվող  գործունեության վերաբերյալ: Վերջին գրությունները վերաբերում էին Սյունիքի մարզի Կապան համայնքի Շահումյան թաղամասում և հարակից տարածքներում 10 կմ-ից ավելի անկանոն ճանապարհների և հարթակների կառուցմանը: 2013 թ. օգոստոսի 2-ին Բնապահպանական պետական տեսչությանը տրվել է սույն ընկերությունում ստուգումներ անցկացնելու հանձնարարական:      ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները իրենց մասնագիտական աշխատանքները տանում են օրենքի սահմաններում, որևէ գործողություններով չեն միջամտում ընկերության ընթացիկ աշխատանքներին, դեռ չի ամփոփվել ստուգումների արդյունքները, հետևաբար տարօրինակ է ԴՓՄԿ ընկերության տնօրենի հրապարակային բողոքը, որը, ըստ էության, հասարակության ուշադրությունը բուն բնապահպանական խնդիրներից շեղելու նպատակ է հետապնդում:     ՀՀ բնապահպանության նախարարության գործունեությունը միտված է միայն մեկ նպատակի՝ հետևել բնապահպանական սահմանված պահանջների նկատմամաբ ընկերության ստանձնած պարտավորությունների կատարմանը: Հետևաբար, ՀՀ բնապահպանության նախարարությունը ոլորտում գործունեություն ծավալած ընկերություններից ակնկալում է առարկայական և կառուցողական փոխգործակցություն՝ զերծ էմոցիոնալ և ենթակայական մոտեցումներից: