ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.10.2017
ՀՀ բնապահպանության նախարարությունում քննարկվել է «Կլիմայի փոփոխության ազդեցությունը երեխաների վրա» ծրագրի ընթացքը

   ՀՀ բնապահպանության նախարարի իրավախորհրդատու Արեգ Ղարաբեգյանը  հանդիպել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի /UNICEF-ի/ փորձագետ Նիկոլաս Մոլինոյին և  հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ  Տիգրան Թովմասյանին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան  ստորաբաժանումների պատասխանատուներ։    Ա․Ղարաբեգյանը ողջունել է հյուրերին, կարևորելով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի «Կլիմայի փոփոխության ազդեցությունը երեխաների վրա» ծրագրի իրականացումը Հայաստանում։    Մանկական հիմնադրամի Նյու-Յորքի գրասենյակի  ներկայացուցիչ Ն․Մոլինոն ներկայացրել է տարբեր երկրների հետ տարվող ծրագրային  աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով իրականացվող հետազոտություններն  ու  վերլուծությունները։ «Կլիմայի փոփոխության ազդեցությունը երեխաների վրա» ծրագրի նպատակն է  ՄԱԿ-ի մանկական  հիմնադրամի բոլոր ծրագրերում  ներառել բնապահպանական գործոնները և էկոկրթական միջոցառումները։    Փորձագետն առաջարկել է ՀՀ բնապահպանության նախարարության աջակցությամբ երեխաների առողջական, սոցիալական խնդիրների լուծման և էկոկրթության գործընթացների բարելավման ուղիներ մշակել։ Նա նշել է, որ երեխաների բնապահպանական  խնդիրների գիտակցմամբ և ընկալումով է պայմանավորված յուրաքանչյուր երկրի շրջակա միջավայրի բարելավումը։