ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.07.2013
Հայաստանի տարբեր մարզերի և Թբիլիսիի հայկական դպրոցների աշակերտների համար կազմակերպվել է Էկոլոգիական-հայրենագիտական ուսումնահետազոտական ճամբար

ՀՀ բնապահպանության նախարարության, մասնավորապես նախարար Արամ Հարությունյանի անմիջական աջակցությամբ հուլիսի 9-ից 14-ը «Զիկատար» բնապահպանական կենտրոնում անցկացվել է Էկոլոգիական-հայրենագիտական ուսումնահետազոտական ճամբար: Ճամբարին մասնակցել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կազմակերպած «Էկոտուր 2013» ամենամյա երրորդ բաց ստուգատեսի մրցանակակիրները՝ Թբիլիսիի, Լոռու մարզի և  կրթահամալիրի մի քանի դպրոցներից:      Բնապահպանական ուսումնական կենտրոնի   աջակցությամբ կազմակերպվել են արշավներ հատուկ պահպանվող տարածքի անտառային հատվածներ և պատմամշակութային հուշարձաններ, որոնց ընթացքում բնապահպան մասնագետները դպրոցականների հետ անցկացրել են բնապահպանական թեմաներով ուսումնական դասընթացներ՝ օգտակար գիտելիքներ հաղորդելով հայրենի բնաշխարհի ներկա վիճակի, նրա պահպանության և վերարտադրության մասին: Կազմակերպիչները Ճամբարում անցկացրել են նաև էկոլոգիական բաց դասեր, քայլարշավներ, ճանաչողական զբոսանքներ: Ջոկատներում մշակվել են  արգելոցային ուսումնական նախագծեր, որոնց շնորհանդեսը և ամփոփումն իրականացվել է կլոր սեղանի ընթացքում:      Ճամբարի փակման օրը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը շնորհակալագիր է հղել  ՀՀ բնապահպանության նախարարությանը՝ նախաձեռնությանը գործուն աջակցություն ցուցաբերելու և աշակերտներին նոր օգտակար գիտելիքներով զինելու համար: