ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.07.2013
Հայաստանում կստեղծվեն էկոլոգիական միջանցքներ

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյաննայսօր ընդունել է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի Կովկասի տարածաշրջանայինգրասենյակի տնօրեն Գեորգի Սանատիրաձեին: Հանդիպմանը քննարկվել է երկու հարց: KFW բանկի ֆինանսավորմամբ և Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի միջոցով Կովկասում սկսվելու է էկոլոգիական միջանցքների ձևավորմանն և կառավարմանը ուղղված նոր ծրագիր: Ծրագրի նպատակն է ստեղծել ներքին և միջպետական էկոլոգիական միջանցքներ՝ պահպանվող տարածքների միջև: Որպես առաջին փուլ Հայաստանի համար քննարկվում է մեր երկրի հարավային մասի (Սյունիքի մարզ) պահպանվող տարածքների միջև էկոլոգիական միջանցքների ստեղծումը, որով առավել արդյունավետ կդառնա կենսաբազմազանության պահպանությունը՝ այդ թվում նաև կենդանիների անվտանգ տեղաշարժը: Ծրագիրն առանձնանում է նրանով, որ էկոլոգիական միջանցքների կառավարումն իրականացվելու է հաշվի առնելով ազգաբնակչության սոցիալ-տնտեսական պայմանները և որի  շրջանակներում առաջին անգամ կներդրվի սոցիալական աջակցության համակարգ այն համայնքների համար, որոնք կներառվեն էկոլոգիական միջանցքների տարածքներում: «Բնապահպանության նախարարությունը և անձամբ ես կարևորում ենք ծրագրի բնապահպանական նշանակությունը և դրա սոցիալական ուղղվածությունը, քանի որ այն բնական ռեսուրսների կայուն կառավարման և կենսապաշարների վրա ճնշման թուլացման նոր հնարավորություն կընձեռի»,- նշել է նախարար Հարությունյանը: Բնապահպանության նախարարը Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի Կովկասի տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել է նաև «Դիլիջան» ազգային պարկում Արքայական եղջերու ցեղատեսակի վերարտադրման պայմանների ստեղծմանն ուղղված հարցեր: Նա մասնավորապես նշել է, որ առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում մեկնարկող այս ծրագրով նախատեսվում է «Դիլիջան» ազգային պարկում ստեղծել 15 եղջերուների համար պահպանման հարմարվողականության և բնական պայմաններում բազմացման ենթակառուցվածքներ: Նախարարը երկրորդել է երկրի շահագրգռվածությունն այս ծրագրի նկատմամբ և հույս հայտնել, որ ծրագիրը հնարավորություն կտա Դիլիջանի գեղատեսիլ անտառներում առաջիկա մի քանի տարիների ընթացքում տեսնել եղջերուի բազմացող հոտեր: