ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.07.2013
Բնապահպանության նախարարը այցելել է հանրային լողափեր

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը և Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն հունիսի 28-ին այցելել են Սևանա լճի տարածքում գտնվող հանրային լողափեր: Այցի նպատակն էր Սևանա լճի հանրային լողափերի սեզոնի բացմանն ընդառաջ ծանոթանալ նախապատրաստական աշխատանքներին: Նախարարը և մարզպետը շրջայց են կատարել հանրային լողափերով ծանոթացել կատարված աշխատանքներին: Այս տարի հանրային լողափերում տեղադրվել են երեխաների համար նախատեսված նոր խաղահրապարակներ, շարժական լողավազաններ, վոլեյբոլի դաշտ, փոքր թենիսի սեղան, պատրաստվել է էկոանկյուն: Բնապահպանության նախարարի խոսքով պետությունը ամեն հնարավորը իրականացրել է, որպեսզի հանրային լողափերում հանգստացողները կարողանան հավուր պատշաճի անցկացնել իրենց հանգիստը: «Հանրային լողափերի ստեղծման գործընթացը սկսվել է դեռևս մի քանի տարի առաջ` հանրապետության Նախագահի հանձնարարականով և մարզպետի հետ միասին այստեղ ենք տեսնելու` ի՞նչ աստիճանի պատրաստվածություն կա: Այս տարի նույնպես մեր քաղաքացիներին կապահովենք պատշաճ հանգստի միջավայր»,- նշել է նախարար Հարությունյանը: Հանրային լողափերի մուտքը և լողաթախտերը անվճար են լինելու : Գործելու են անվճար բուժկետեր, սանհանգույցներ, փրկարար ծառայություն: Այցի ավարտին նախարարը հանձնարարականներ է տվել ազգային պարկի ղեկավարությանը հանրային լողափերում ապահովել առավելագույն հարմարավետություն մեր քաղաքացիների համար: Քաղաքային լողափերը ընդլայնվել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի փոքր դրամաշնորհների ծրագրի կողմից իրականացված «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն ներուժի օգտագործում` հանրային լողաների հիմնման միջոցով» ծրագրի աջակցությամբ: