2017թ․ գարնանը բնապահպանության նախարարության ղեկավարությունը «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի անտառային տարածքներում անցկացրեց մեծածավալ ստուգումներ, որոնց արդյունքում հայտնաբերվեցին ապօրինի հատված ավելի քան 6300 ծառեր։ Արդյունքների ամբողջական փաթեթը ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն, ազգային պարկում մի շարք խորհրդակցություններ անցկացվեցին, աշխատաոճի վերափոխման խնդիր դրվեց կոլեկտիվի առջև։ Վերանայվեցին «Դիլիջան» ազգային պարկի կադրային քաղաքականությունը, կառավարման խորհրդի լիազորությունները, ազգային պարկի աշխատանքների կազմակերպման սխեմաները, «անտառային տոմս»-ի տրամադրման կարգը։ Ազգային պարկի պահպանության տեսանկյունից բարձր ռիսկային տեղամասերի (Հաղարծին, Շամախյան, Դիլիջան) 24 ժամյա պահպանությունը փորձնական ծրագրով փոխանցվեց մասնավոր պահնորդական կազմակերպությանը, որն ապահովել է շարժական և հենակետային պահնորդական խմբեր, իրականացնում է շրջայցեր։ Միաժամանակ գույքագրվեց անտառում առկա թափուկը, որպեսզի այն օրենքով սահմանված կարգով տրամադրելով բնակչությանը` մեղմվի անտառի վրա ճնշումը: Այս քայլերի արդյունքում արձանագրվեց աշխատանքի որակի նշանակալի բարձրացում, անտառների պահպանության գործում նկատվեցին էական տեղաշարժեր։ Որպես այս տեղաշարժերի ինդիկատոր են հանդիսանում անտառամերձ համայնքների բնակիչների սոցիալական բնույթի բողոքի ակցիաները, Շամախյան գյուղի մոտ հենակետային խմբի վրա հարձակումն ու տնակի այրումը։ Թվում էր, թե լրատվամիջոցները, հասարակական ու քաղաքական ակտիվը հարկ եղած կերպով կսատարեն անտառի պահպանությանն ուղղված կարևոր այս քայլերը, բայց մի տեսակ սառնություն ու անտարբերություն է նկատվում։ Դա դեռ ոչինչ։ Սատարումի փոխարեն ի հայտ են գալիս նույն այդ կարևոր քայլերն իրականացնողներին վատաբանող հրապարակումներ, որոնց շարժառիթը կռահելու ծանր գործը թողնում ենք ընթերցողին ։ Անդրադառնանք դրանցից մեկին ։ Օրեր առաջ բնապահպանության նախարարն այցելել էր Դիլիջան, մարզային իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ անտառի պահպանության ուժեղացմանը նվիրված խորհրդակցություն անցկացրել, ապա եղել ստացիոնար հենակետերից երկուսում, հանդիպել Հաղարծին գյուղի մի խումբ բնակիչների, տունդարձին տեղեկացել էր Շամախյան գյուղի մոտի հենակետային տնակի հրդեհման մասին, շտապել էր այնտեղ։ Կարծես թե դատապարտելի ոչինչ չկա նախարարի վարքի մեջ, բայց ահա ազատ և անկաշառ մամուլի օրգան Հայելի․ամ կայքը փոխանակ դատապարտի հարձակումը հենակետի վրա ու տնակի հրդեհումը, փոխանակ քննադատական խոսքեր ուղղի անտառն ապօրինաբար հատողների հասցեին, նշանառության տակ է վերցրել անտառը պաշտպանողներին՝ հրապարակումը համեմելով ստոհոդ լուրերով։ Թվարկենք ստոհոդությունները։ 1․ Կայքը գրում է՝ « Տավուշի մարզի բնակիչների և բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի օրեր առաջ կայացած հանդիպումն ընթացել է տհաճ մթնոլորտում»։ Ակնհայտ սուտ է, քանի որ հանդիպումը անցել է նորմալ մթնոլորտում, տավուշցիները խոսել են աշխատատեղերի բացակայությունից: Նրանց ասվել է, որ գործադրի մյուս կառույցների հետ կմշակվեն սոցիալական վիճակը մեղմելու առաջարկներ և առաջիկայում կհանդիպեն բնակչությանը: 2․ Կայքը գրում է՝«Այդ հրկիզումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ հիշյալ տեղամաս էր այցելել նախարար Արծվիկ Մինասյանը և հանդիպել Շամախյան համայնքի բնակիչների հետ»: Իրականությունւը հետևյալն է՝ Արծվիկ Մինասյանը չի հանդիպել Շամախյան համայնքի բնակիչների հետ: Նախարարն այդտեղ այցելել է հրդեհի մասին տեղեկանալուց հետո և ոչ մի շամախյանցի չի եղել հրդեհի վայրում։: 3․ Կայքը գրում է՝«Սակայն Արծվիկ Մինասյանը հակադարձել է, որ անտառ հատելը հանցագործություն է, որ չեն կարողանում ապրել, թող ճիճու մշակեն, ինչ ուզում են անեն, բայց ոչ անտառ հատեն»։ Իրականությունը հետևյալն է՝ Արծվիկ Մինասյանը որևէ մեկին «ճիճու մշակելու» առաջարկ չի արել: 4․ Կայքը գրում է «Նա չի ընկրկել նույնիսկ շարքային բնակիչների փաստարկների դեմ, որ իրենց արգելում են, սակայն ավելի «թափով» մարդկանց, որոնք փայտամշակման գործարաններ ունեն, թույլատրում են»։ Իրականությունը հետևյալն է՝ նման հարց հանդիպման ժամանակ չի շոշափվել: 5․ Կայքը գրում է՝ «Մինասյանը Շամախյանից ուղևորվել է Իջեւան և այնտեղ էլ նույն բովանդակությամբ տհաճ զրույց է ունեցել, ինչին հաջորդել է տնակի հրկիզումը»։ Իրականությունը հետևյալն է՝ Մինասյանը Շամախյանում չի եղել մինչև հրդեհումը և այնտեղից Իջևան ուղևորվել չէր կարող: Իջևանում նախարարը չէր կարող «նույն բովանդակությամբ տհաճ զրույց» ունենալ, քանի որ Իջևանում նախարարությանը ենթակա անտառներ չկան: Աշխատանքային օրվա ավարտից հետո նախարարն Իջևան մեկնել էր իր մտերիմներից մեկին հանդիպելու նպատակով և հանդիպումն անցել է նախանձելի ջերմ մթնոլորտում: 6․ Կայքը գրում է՝ «Ըստ ամենայնի՝ անտառի հարցն այս տարածքներում շարունակում է մնալ խնդրահարույց այն պարզ պատճառով, որ ոլորտի պատասխանատուները այդպես էլ չկարողացան հասկանալ մի պարզ իրողություն` չի կարելի հարցերը կարգավորել ընդամենը «ոչ» ասելով, պետք է լուծում տրվի այս համայնքների բնակիչների զբաղվածությանը»։ Իրականությունը հետևյալն է՝ այդ «ոչն» ասում է ազգային պարկի մասին օրենքը և նախապայմաններ չի ընդունում: 7. Կայքը գրում է՝«Իսկ այն բանից հետո, երբ բողոքի դուրս եկած քաղաքացիները փակեցին միջպետական ճանապարհը, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, փոխանակ խնդրի մեջ խորամուխ լինելու անմիջապես հայտարարեց, որ դա մի քանի անձանց կազմակերպած դավադրություն է անձամբ իր նկատմամբ»: Իրականությունը հետևյալն է՝ նախարաը երբեք չի ասել, թե դիլիջանյան դեպքերը կազմակերպված դավադրություն են անձամբ իր նկատմամբ։ Շատ չէ՞ մի հրապարակման համար այսքան սուտն ու ապատեղեկատվությունը։ Եվ ի՞նչն է դրդում Հայելի․ամ-ին դառնալ Ծուռհայելի․ամ․․ «Բնություն» էլեկտրոնային շաբաթաթերթ