Հայաստանում բնապահպանի օրվան նվիրված հանդիսությունների շրջանակներում «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հունիսի 7-ին կազմակերպվել է միջոցառումների շարք, որոնց մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն ու Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը: Նախարար Հարությունյանը և դեսպան Ռենոն շրջայց են կատարել «Խոսրովի պետական արգելոց»-ի թանգարանում, ծանոթացել արգելոցի կենսաբազմազանությանը, արգելոցի պահպանության ուղղված միջոցառումներին: Ողջունելով միջոցառման մասնակիցներին` բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նշել է, որ բոլորը համատեղ ուժերով պետք է նպաստեն մեզ ավանդված հայրենի բնության պաշտպանությանը ի դեմս Խոսրովի անտառի: «Մարդու և բնության մշտական համագործակցությունը մեր Երկիր մոլորակն է: Մեզանից յուրաքանչյուրը շահագրգռվածություն ունի բնության պահպանության հարցում: Այն բոլորիս խնդիրն է, ու դրա համար բոլորս ապրում ենք ու ստեղծագործում: Սա միայն մեր խնդիրը չէ, այն մոլորակի բոլոր ազգերի ու պետությունների խնդիրն է, քանի որ առկա հիմնահարցերը ոչ միայն մեզ են հուզում, այլ նաև շատ երկրների: Ես կոչ եմ անում կրկնապատկել այս ոլորտում մեր ջանքերը խնդիրների լուծման հարցում: Մեր մանուկները պետք է դառնան առաջամարտիկները, ովքեր իրենց պահվածքով, իրենց կենցաղով վաղը մեր երկրին ու ժողովրդին մեծ օգուտ կբերեն»,- նշել է Արամ Հարությունյանը: Դեսպան Ռենոն իր հերթին շնորհավորելով բոլորին բնապահպանի օրվա կապակցությամբ` շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: «Ես շրջել եմ Խոսրովի անտառի բնության թանգարանով և հիացած եմ այն ցուցանմուշներով, որոնք ներկայացվեցին: Առանձնահատուկ գոհունակությամբ պետք է խոսել բնության պահպանությանը հատկացված ուշադրությանը»,- նշել է Անրի Ռենոն: Շնորհավորական ուղերձով հանդես է եկել նաև Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը: Տոնական միջոցառումների շրջանակներում կազմակերպվել էր Վեդի քաղաքի Գեղարվեստի դպրոցի սաների նկարչական ցուցահանդեսը, որին մասնակցում էին առաջինից հինգերերոդ դասարանների աշակերտները: Դպրոցի սաները հայրենի բնության մասին իրենց պատկերացումներն են հանձնել վրձնին: Վեդի քաղաքի մշակույթի տան սաների երգի-պարի համույթների մրցույթին հաջորդել է «Խոսրովի անտառ» արգելոցի վարչական շենքի տարածքի մաքրման և հարդարման աշխատանքները: Լավագույն աշխատանքներն ու կատարողները պարգևատրվել են արգելոցի տնօրինության պատվոգրերով: Բնապահպանի օրվա կապակցությամբ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը շնորհակալագրեր է հանձնել Խոսրովի պետական արգելոցի մի շարք աշխատակիցների: «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանը իր կողմից անբասիր աշխատանքի համար պատվոգրեր է հանձնել «Խոսրովի անտառ»-ի պահպանության գործում մեծ ավանդ ունեցող աշխատակիցների: Տոնական միջոցառումների շարքն ավարտվել է արգելոցում ֆրանսիայի դեսպանի և բնապահպանության նախարարի կարճատև շրջայցով: