ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.06.2013
ՀՀ բնապահպանության նախարարությունում անցկացվել է ՙՇրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին՚ ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկում

Բնապահպանության նախարարությունում այսօր անցկացվել է <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկում: Օրենքի նախագիծը մինչ այդ քննարկվել և ընդհանուր առմամբ հավանության էր արժանացել Միացյալ ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) <<Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին>> Օրհուսի կոնվենցիայի միջգերատեսչական հանձնաժողովում: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի նախագահությամբ կազմակերպված քննարկմանը մասնակցել են բնապահպանության ոլորտում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ: Բնապահպանության նախարարն ողջունելով քննարկման մասնակիցներին՝ տեղեկացրել է, որ օրենքի նախագիծը փորձաքննության է ենթարկվել տարբեր ձևաչափերով: Նախարարը շեշտել է, որ մինչ այժմ ստացված բոլոր ողջամիտ առաջարկները ներառվել են օրենքի նախագծում և հանրային քննարկման արդյունքում ևս հնչած հիմնավոր առաջարկները հաշվի կառնվեն: <<Մեր ցանկությունն այն է, որ Օրենքի փոփոխությունների փաթեթը լինի ամբողջական, բազմակողմանի քննարկված և բոլորի շահերը հաշվի առնող նախագիծ>>,-նշել է Արամ Հարությունյանը: ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Սիմոն Պապյանը, անդրադառնալով օրենքի նախագիծը նախապատրաստող աշխատանքային խմբին, նկատել է, որ խմբի 9 անդամներից 6-ը ներկայացնում են հասարակական կազմակերպությունները՝ ինչը փաստում է դրա մշակման գործընթացին հասարակության մասնակցության մասին: Օրենքի նախագիծը ներկայացրել են աշխատանքային խմբի անդամներ Ազգանուշ Դռնոյանը (<<Բնապահպանական փորձաքննություն>> ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ) և Արթուր Գրիգորյանը (<<Էկո դար>> ՀԿ-ի իրավաբան): Ելույթներով հանդես են եկել Ինգա Զարաֆյանը (<<Էկոլուր>> ՀԿ նախագահ), անկախ փորձագետ Սրբուհի Հարությունյանը և <<Դալմա-Սոնա>> հիմնադրամի նախագահ Ռուզան Ղազարյանը: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում և շահագրգիռ քննարկում: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը քննարկման ավարտին շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր շահագրգռված են <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի ընդունումով և իրենց դիտարկումներն են ներկայացրել օրենքի գործնական կիրառման դեպքում հնարավոր խնդիրները կանխելու հարցում: Նախարարը քննարկման մասնակիցներին մեկ անգամ ևս հավաստիացրել է, որ բոլոր հիմնավոր առաջարկները կներառվեն օրենքի նախագծում: Արամ Հարությունյանն առաջարկել է մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել բոլոր նոր առաջարկները օրենքի վերաբերյալ: