ՀՀ բնապահապանության նախարար Արամ Հարությունյանն այսօր այցել է Գեղարքունիքի մարզ՝ Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքների ընթացքին ծանոթանալու համար: Արամ Հարությունյանին զեկուցել են մինչ օրս իրականացված աշխատանքների ծավալների վերաբերյալ: Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրումն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Շրջայցին մասնակցել են նաև 2013թ. մաքրման աշխատանքների համար հայտարարված մրցույթի հաղթող կազմակերպության ներկայացուցիչները: Նախարարը հանձնարարել է արագացնել մաքրման աշխատանքների ընթացքը: ՙԵթե անհարաժեշտություն կա, որ նախարարությունը միջամտի աշխատանքների ընթացքին, մենք պատրաստակամ ենք օժանդակել ավելի սեղմ ժամկետներում մաքրման աշխատանքներն ավարտին հասցնելու համար՚,- նշել է նախարար Հարությունյանը: Աշխատանքներն իրականացնող կազմակերպությունը պարտավորվել է 15 օրյա հաճախականությամբ զեկուցել կատարված աշխատանքների մասին: Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակներում Արամ Հարությունյանն այցելել է հանրային լողափեր՝ տեղում ծանոթանալու իրավիճակին: Այս տարի հանրային լողափերը կբացվեն հունիս ամսի երկրորդ կեսին: Նախարարը հանձնարարականներ է տվել ՙՍևան՚ ազգային պարկ՚-ի տնօրինությանը հետևել բարեկարգման աշխատանքներին: ՙԱյս տարի պետք է ապահովենք ավելի հարմարավետ պայմաններ մեր հանգստացողների համար՚,- ասել է Արամ Հարությունյանը: