ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.04.2013
Տեղի է ունեցել ՙԹուխմանուկ՚ ոսկու հարստացուցիչ հանքի նոր պոչամբարի նախագծի մասնագիտական լսումները

Բնապահպանության նախարարությունում այսօր տեղի է ունեցել ՙՇրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին՚ ՀՀ օրենքի 10 հոդվածով սահմանված կարգով ՙՄեգո Գոլդ՚ ՍՊԸ-ի կողմից ներկայացված Թուխմանուկի ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի նոր պոչամբարի նախագծի մասնագիտական լսումները: Նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Հարությունյանի ղեկավարությամբ անցկացվող մասնագիտական լսումների ընթացքում ՙՄեգո Գոլդ՚ ընկերության տնօրեն Աշոտ Պողոսյանը ներկայացրել է այն փաստաթղթերի փաթեթը, որով նախատեսվում է հանքի պոչամբարի շահագործումը: Մասնագիտական լսման ընթացքում բոլոր շահագրգիռ կողմերը ներկայացրել են իրենց առաջարկները, դիտողություններն ու մասնագիտական կարծիքները պոչամբարի շահագործման շուրջ: Նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Հարությունյանը հանձնարարել է հաջորդ շաբաթվա ընթացքում՝ ամենասեղմ ժամկետներում, գրավոր ներկայացնել բոլոր առաջարկություններն ու կարծիքները, որից հետո կտրվի համապատասխան եզրակացություն: Ավարտին Արամ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին մասնագիտական քննարկմանը մասնակցելու և մասնագիտական կարծիքներ հայտնելու համար և նշել, որ գոհ է հանրային լսման ընթացքից: Մասնագիտական լսումներին մասնավորապես մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ Լյովա Խաչատրյանը և Նիկոլ Փաշինյանը, Բնապահապանության, արտակարգ իրավիճակների, առողջապահության նախարարությունների, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ, Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգողՍիլվա Ադամյանը,  «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը, «Հայաստանի կանաչների միություն» ՀԿ-ի նախագահ Հակոբ Սանասարյանը, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, Հայաստանի Օրհուս կենտրոնների ԻՏ փորձագետ Նաիրա Մանդալյանը,  Ապարանի Օրհուս կենտրոնի համակարգող Նատալիա Մանուկյանը, «Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի նախագահ Արթուր Գրիգորյանը, Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը, «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ-ի նախագահ  Գրետա Գաբրիելյանը, Հայաստանի Օրհուս կենտրոնների հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարի Չաքրյանը: