ՀՀ բնապահպանության նախարարության հովանու ներքո ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագիրը` Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ հոկտեմբերի 23-27-ը կազմակերպում է «Երևանի կանաչ լուսավորության շաբաթ» միջոցառումների շարքը, որի նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունն էներգախնայող և բնությանը քիչ վնաս հասցնող լուսավորության լուծումների վերաբերյալ: Նախաձեռնությունը համահունչ է ՄԱԿ-ի կայուն զարգացման 7-րդ (Մատչելի և մաքուր էներգիա) և 13-րդ (Գործողություն՝ ի նպաստ կլիմայի) նպատակներին: Հոկտեմբերի 23-ին Երևանի Հյուսիսային պողոտայում, արշավի տեղեկատվական տաղավարի մոտ կայացել է «Երևանի կանաչ լուսավորության շաբաթ» տեղեկատվական արշավի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս, որին մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինը և Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ի տնօրեն Վարդան Գաբրիելյանը։ ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, տալով միջոցառման մեկնարկը, տեղեկացրել է, որ կազմակերպված արշավի նպատակն է խրախուսել էներգախնայող տեխնոլոգիաները լուսավորության ոլորտում: ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանն իր խոսքում կարևորել է ծրագիրը և նկատել, որ այն ուղղված է շրջանառվող այն թյուր տեսակետի դեմ, ըստ որի բնապահպանական և տնտեսական ծրագրերը չեն կարող համահունչ լինել, որովհետեև տարբեր նպատակներ ունեն: «Այս միջոցառումը ցույց է տալիս, որ բնապահպանական խնդիրների լուծման համար կատարվող գործողությունները կարող են նաև տնտեսապես արդյունավետ լինել, ինչպես օրինակ այս լամպերի փոխանակումը: Միջոցառման առաջնային նպատակը լինելով ջերմոցային գազերի արտանետումների նվազեցումը և երկրագնդի բնապահպանական վիճակի բարելավումը` միևնույն ժամանակ քաղաքացիներին ընձեռում է տնտեսական օգուտներ ունենալու հնարավորություն»,- նշել է Է. Գրիգորյանը և կոչ արել բոլորին միանալ ակցիային: Դմիտրի Մարիասինը տեղեկացրել է, որ «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրով նախատեսված էր փոխել մեկ փողոցի լուսավորությունը, բայց գումարների խնայողության արդյունքում փոխվել է 10 փողոցի լամպեր և ծրագիրը շարունակվելու է մյուս փողոցների համար: «Երքաղլույս» ՓԲԸ-ի տնօրեն Վարդան Գաբրիելյանն էլ ներկայացրել է ծրագրի իրականացման շնորհիվ Երևանի քաղաքապետարանի ունեցած խնայողությունները: Միջոցառման ընթացքում քաղաքացիները կստանան տեղեկատվություն լուսադիոդային (LED) լուսավորության և դրա առավելությունների մասին, փոխանակել տան ավանդական շիկացման լամպը LED լամպով ու շահել նվերներ: «Երևանի կանաչ լուսավորության շաբաթվա» շրջանակում նախատեսվում են նաև տարաբնույթ միջոցառումներ՝ բարձրացնելու հանրության իրազեկությունն էներգախնայող և բնությանը քիչ վնաս հասցնող լուսավորության լուծումների վերաբերյալ: Տեղեկանք Լուսադիոդային (LED-Light Emitting Diode) լուսավորությունն արդեն իսկ մեծ դերակատարություն ունի Երևանի որոշ կարևորագույն հանրային տարածքներում: 2015թ. մարտից «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը, Մաշտոցի և Արշակունյաց պողոտաները, Ծիծեռնակաբերդի և Աթենքի փողոցները լուսավորված են շուրջ 1300 LED լուսատուներով։ Երևանի կենդանաբանական այգին ևս լուսավորված է 160 նոր LED լուսատուներով: Միայն այս կետերում իրականացված փոփոխությունը տարեկան ավելի քան 500 տոննայով կրճատում է ջերմոցային գազերի արտանետումներն ու դարձնում շրջակա միջավայրը բարենպաստ ու հաճելի: Բնապահպանությունը լուսադիոդային լուսավորության միակ առավելությունը չէ. LED-ն օգտագործում է 8 անգամ ավելի քիչ էլեկտրաէներգիա: Էներգախնայող գերարդյունավետ LED տեխնոլոգիան նաև մեծապես կրճատել է Երևանի քաղաքապետարանի էլեկտրաէներգիայի ծախսը` տարեկան ընդամենը 5 փողոցից ապահովելով 115,000 դոլարի խնայողություն: Լուսադիոդային լուսավորության առավելությունները հնարավոր է օգտագործել նաև առօրյայում՝ փոխարինելով տան սովորական շիկացման լամպերը LED տարբերակով, որոնք մինչև 50 անգամ ավելի երկար են գործածվում և 8 անգամ ավելի քիչ էներգիա են օգտագործում: «Երևանի կանաչ լուսավորության շաբաթ»-ի շրջանակում քաղաքացիները հնարավորություն կունենան մասնակցելու կրթական և զվարճալի նախաձեռնությունների: Մասնավորապես՝ Երևանի տարածքում տեղակայված կլինեն հատուկ տաղավարներ, որտեղ քաղաքացիները կարող են փոխանակել իրենց տան ավանդական շիկացման մեկ լամպ LED լամպով: Մասնակիցներին խրախուսելու համար կազմակերպիչներն անվճար LED լամպից բացի փոքրիկ անակնկալ-նվերներ են պատրաստել. հնարավոր է շահել վարդ, գինի, սուրճ, շոկոլադ, թանգարանի տոմսեր: Տաղավարներն աշխատելու են երկուշաբթիից ուրբաթ՝ ժ․ 12:00–20:00 հետևյալ հասցեներում՝ • Հոկտեմբերի 23, 24, 25՝ Հյուսիսային պողոտա (շատրվանների հարևանությամբ) և «Երիտասարդական» մետրո (կայարանի հարևանությամբ) • Հոկտեմբերի 26, 27` Գարեգին Նժդեհի հրապարակ («Ամերիաբանկի» հարևանությամբ) և Նոր Նորքի 2–րդ զանգված (շուկայի հարևանությամբ): Միջոցառումների ժամանակացույց Հոկտեմբերի 23-27, երկուշաբթի - ուրբաթ Լամպերի փոխանակման տաղավարներ քաղաքի տարբեր վայրերում Հոկտեմբերի 24, երեքշաբթի «Ոսկե լամպի որոնում» մրցույթ Երևանի հինգ դպրոցի 25 աշակերտի հետ, և «Լամպի վերամշակման ու նկարչության խաղ-դասընթաց» տարրական դպրոցի 20 աշակերտի հետ Հոկտեմբերի 27, ուրբաթ Շաբաթվա ամփոփում՝ PechaKucha Night ոչ ֆորմալ ելույթների միջոցառում