ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.01.2013
Արամ Հարությունյան. ՙՓոքր հիդրոէլեկտրակայանները էներգետիկ անվտանգության նշանակություն ունեն՚

 Բնապահպանության նախարարությունում Արամ Հարությունյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Հայաստանի փոքր ՀԷԿ-երի միության անդամները նախագահ Նաիրա Նահապետյանի գլխավորությամբ: Խորհրդակցության ընթացքում Արամ Հարությունյանը քննարկման է ներկայացրել ՓՀԷԿ-երի իրավիճակը, դրանց հետ կապված հիմնախնդիրները, լուծումները և սպասվող արդյունքները: ՙԲոլորիս հայտնի է, որ փոքր ՀԷԿ-երը հանրային հետաքրքրություն են ներկայացնում և այսօր անհրաժեշտություն կա այդ խնդիրները քննարկելու բնապահպանական, ջրօգտագործման, բնապահպանական խախտումների տեսանկյունից և պետք է փորձենք ընդհանուր մոտեցում ստեղծել խնդրո առարկա հարցերի շուրջ՚,-նշել է նախարարը: Ծավալված քննարկումների արդյունքում, առաջարկվել է ստեղծել միասնական աշխատանքային խմբեր, որոնք պետք է ուսումնասիրեն փոքր ՀԷԿ-երի հետ կապված համաշխարհային փորձը, քննարկեն տեխնիկական խնդիրների վերացման ուղիները և աշխատանքներ իրականացնեն օրենսդրական դաշտի բարելաման ուղղությամբ: Արամ Հարությունյանի խոսքով, փոքր հիդրոէլեկտրակայանները էներգետիկ անվտանգության նշանակություն ունեն և անհրաժեշտություն է առաջացել դրանց հետ կապված խնդիրների կարգավորման ու բնապահպանական խախտումների նվազեցման ուղղությամբ տանել աշխատանքներ՝ անհարկի շահարկումներից խուսափելու համար: