ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.01.2013
Ներկայացվել է Հայաստանի կարմիր գրքի էլեկտրոնային տարբերակը

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը այսօր ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտում մասնակցել է Հայաստանի կարմիր գրքի էլեկտրոնային տարբերակի շնորհանդեսին: Արամ Հարությունյանը ողջունելով ներկաներին՝ բարձր է գնահատել այն ավանդը, որ բուսաբանության և կենդանաբանության ինստիտուտների գիտաշխատողները ներդրել են ոլորտի պահպանման ու զարգացման բնագավառում: ՙԱյս դահլիճում նստած են այն նվիրյալները, ովքեր կարողացել են մեր ոլորտում բեկումներ մտցնել՚,- նշել է Արամ Հարությունյանը: Բնապահպանության նախարարը հույս է հայտնել, որ Հայաստանի Կարմիր գրքից աստիճանաբար դուրս կգան մեծ թվով կենդանիների ու բույսերի անուններ: Այս ծրագիրը իրականացվել են ՀՀ Բնապահպանության նախարարությունը, Անդրսահմանային միացյալ քարտուղարությունը և Գերմանական ֆինանսական հիմնադրամը: Էլեկտրոնային տարբերակում տեղ են գտել կենդանիների ու բույսերի բոլոր այն տեսակների անունները, որոնք կան նաև տպագիր տարբերակում՝ համապատասխան տեղեկատվությամբ: Հայաստանի կարմիր գրքի էլեկտրոնային տարբերակի ողջ տեղեկատվությունը կտեղադրվի Հայաստանի բնապահպանության նախարարության կայքում www.mnp.am: Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանի ՙԾառաբույսերի ներմուծման գիտական հիմունքները Հայաստանում՚ գրքի շնորհանդեսը: