ՀՀ բնապահպանության նախարարությունում նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը խորհրդակցություն է անցկացրել Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիաների ցանցավանդակային եղանակով վերականգնման պիլոտային ծրագրի իրականացման վերաբերյալ: Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիաների վերականգնման պիլոտային ծրագիրը մեկնարկել է 2012 թվականի օգոստոս ամսից և մինչ օրս վերահսկման տակ է գտնվում սննդային կերի ազդեցությունը Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վրա: Ծրագրի շրջանականերում համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների կողմից կատարվում են մշտադիտարկումներ, և այդ ժամանակահատվածում ընդհանուր առմամբ նորմատիվից շեղումներ մինչ օրս չեն արձանագրվել: Խորհրդակցության ընթացքում Հայկական բերքի առաջմղման կենտրոնի(ՀԲԱԿ) գլխավոր փորձագետ Էդվարդ Գևորգյանը նշել է, որ մշտադիտարկումների արդյունքում ցանցավանդակներում աճեցված ձկները մոտ 30-40%-ով ավելի քիչ արհեստական կերով են սնվում քան նախատեսված էր պիլոտային ծրագրի նախագծով: Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիաների վերականգնման պիլոտային ծրագրի նախնական արդյունքները նախատեսվում է ամփոփել 2013թ. մայիսին: Խորհրդակցության ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտադիտարկումներ իրականացնել նաև պիլոտային ծրագրի ավարտից հետո: Առաջարկվել է նաև պիլոտային ծրագիրն իրականացնող կազմակերպությանը ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացնել ցանցավանդակներում աճեցրած էնդեմիկ ձկնատեսակների 2013թ. Սևանա լիճ բաց թողնման քանակությունների վերաբերյալ առաջարկություն: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ Նախագահին առնթեր «Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Յուրի Ջավադյանը ՀՀ ձկնաբուծության և հիդրոէկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը, ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվիլինա Ղուկասյանը, և Հայկական բերքի առաջմղման կենտրոնի գլխավոր փորձագետ Էդվարդ Գևորգյանը, ՀՀ Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների գործակալության պետի տեղակալ Աշոտ Վարդևանյանը, ՙՍևան ազգային պարկ՚-ի տնօրենի տեղակալ Վահե Գուլանյանը: