ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.06.2014
Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարությունը մի շարք միջոցառումներ է իրականացնում

ՀՀ բնապահպանության նախարարությունը Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կապակցությամբ մի շարք միջոցառումներ է իրականացնելու Հանրապետության տարբեր համայնքներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում: ՀՀ ԲՆ Հայաստանի բնության պետական թանգարանում հունիսի 5-ին ժամը 11:00-ին տեղի կունենա պաշտոնական միջոցառում, որի ժամանակ կպարգևատրվեն բնապահպանական խնդիրներն առավել ակտիվ և հետևողական լուսաբանող լրագրողները և բարեխիղճ աշխատանքով աչքի ընկած Բնապահպանության նախարարության աշխատակիցները: Կհրապարակվի Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարի ուղերձը: Կցուցադրվեն «Բնության հրաշքներ» , «Ձկան փշերի կոմպոզիցիա», «Բնապատկերներ բնական բրդից», «Մոմերի աշխարհ» խորագրերով ցուցահանդեսներ: Թանգարանի բակում կկազմակերպվի կավճանկարչության միջոցառում: Ժամը՝ 12:30-ից 17:00-ն Երևանի կենդանաբանական այգում տեղի կունենա միջոցառում՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի, Երևանի կենդանաբանական այգու, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ: Միջոցառմանը կմասնակցեն բնապահպանության ոլորտում գործունեություն իրականացնող ակտիվ հասարակական և առևտրային կազմակերպությունները, ովքեր կներկայանան իրենց տաղավարներով: Օրվա խորհուրդը կլինի «կանաչ միջավայր», պատասխանատու ապրելակերպի քարոզչությունը՝ վերականգնվող էներգետիկա, առողջ սնունդ, հեծանիվ՝ ավտոմեքենայի փոխարեն: Շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող մրցույթներում կխաղարկվեն հեծանիվներ և «կանաչ» կենսակերպի մաս կազմող այլ նվերներ: Միջոցառմանը Բնապահպանության նախարարությունը կտրամադրի 5 «Կարմիր գիրք»: Օրվա ընթացքում նախատեսվում է նաև մանկական նկարների ցուցահանդես:Միջոցառման օրը՝ ժամը 12:30-ից 17:00-ն, բոլոր այցելուների համար մուտքը Երևանի կենդանաբանական այգի կլինի անվճար: ՄԱԿ-ի զարգացման հայաստանյան գրասենյակի աջակցությամբ կցուցադրվի «Անտառը և կլիմայի փոփոխությունը» խորագրով դպրոցականների պատրաստած պաստառների և նկարների ցուցահանդես: Հայաստանի ագրարային ազգային ակադեմիայում կանցկացվի բաց դասախոսություն ՝ «Բնապահպանության ոլորտում Հայաստանի միջազգային համագործակցությունը» թեմայով Օզոնի ազգային կենտրոնի և Կովկասի բնության հիմնադրամի/ CNF-ի/ ներկայացուցիչների մասնակցությամբ /ժամը 9:00-10:30/: Կկազմակերպվեն տարածքի մաքրման աշխատանքներ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Գառնու տեղամասի Հավուց Թառ տանող էկոերթուղում՝ ներգրավելով ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի և արգելոցի աշխատակիցներին: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ կանցկացվեն առաջին օգնության ուսումնական-ցուցադրական միջոցառումներ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի վարչական շենքի տարածքում /ժամը 11:00/: