Բնապահապանության նախարար Արամ Հարությունյանը նոյեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացրել է արդեն ավանդական դարձած Սևանա լճում ձկնորսության արգելանքի ռեժիմի սահմանման վերաբերյալ խորհրդակցություն: Խորհրդակցությանը մասնակցել են բոլոր շահագրգիռ կողմերը՝ Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները, մարզային ոստիկանության, լճին հարակից համայնքների ղեկավարները: Քննարկվել են Սևանա լիճը գոտևորող անտառային բոլոր ճանապարհների փակման և հսկիչ կետերի տեղեկայման, լճից լողամիջոցների, որսագործիքների և ժամանակավոր կացարանների դուրսբերման, շուրջօրյա հերթապահության սահմանման մասին հարցեր:ՙ Այսօր նախատեսել ենք մանրաձկան բացթողում Սևանա լիճ: Հարակից համայնքներում, ինչպես նաև ողջ ազգաբնակչության շրջանում պետք է իրականացնել բացատրական աշխատանքներ: Ձվադրման շրջանում արհեստական միջամտություն ենք անում՝ նպատակ ունենալով աշխատանքներն այնպես կազմակերպել, որպեսզի հետագայում հաջողությամբ կարողանանք արձանագրել բնական վերարտադրությանը: Դրա համար անհրաժեշտ է դադարեցնել բոլոր մուտքերն ու ելքերը դեպի լիճ: Բնապահպանության նախարարության, Ոստիկանության և Գեղարքունիքի մարզպետարանի հետ համատեղ արդեն ունենք միջոցառումների ծրագիր և աշխատելու ենք այդ ծրագրով:՚,- նշել է նախարարը: Արամ Հարությունյանը ընդգծել է, որ Գեղարքունիքի մարզում ձկնագողության դեպքերի նվազեցման ուղղությամբ կազմակերպվելու են խիստ միջոցառումներ: Բնապահպանության նախարարի հանձնարարականով, մոտակա երեք օրերի ընթացքում պետք է սահմանել շուրջօրյա հսկողություն, քանի որ մանրաձկան բացթողումից, հետո այն մնում է նույն տեղում՝ մինչև ադապտացիոն շրջանի ավարտը: Խորհրդակցությանը հաջոդել է 2012 պետական բյուջեով նախատեսված ձկան պաշարների համալրում ծրագրի շրջանակներում գեղարքունի և ամառային իշխանի մանրաձների բացթողումը Սևանա լիճ: Այս տարի Սևանա լիճ է բաց թողնվել 3 գրամ և ավելի կշռով 200 հազար հատ ամառային իշխան և 166 հազար հատ գեղարքունի մանրաձուկ, որոնք ձեռք են բերվել ՙԱրևաձուկ՚ կազմակերպությունից և Անգեղակոթի ձկնաբուծական գործարանից: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 59.5 մլն դրամ: