ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.10.2012
Ի պատասխան բնապահպան Լևոն Գալստյանի նամակի

ՀՀ բնապահպանության նախարարությունը միանշանակորեն դրական գնահատելով նախաձեռնության մասնակիցների հետաքրքրվածությունն ու շահագրգռվածությունը ՙԽոսրովի անտառ՚ պետական արգելոցի նկատմամբ, միաժամանակ անընդունելի ու ամբարտավան է համարում նամակում ՀՀ բնապահպանության նախարարության նկատմամբ որդեգրված մեղադրական տոնն ու դիմելաձևը: Մեր իրականությունում առկա թերություններն ու դժվարությունները իրավունք չեն տալիս որևէ մեկին հասարակությունը բաժանելու լավ ու վատ հատվածների, թշնամիների ու բարեկամների, իրեն վերագրելու լավն ու լավագույնը, իսկ դիմացինին մեղադրելու այն ամենում, ինչն անցնում է տվյալ պահին գրիչը ձեռքն առած Ոմն-ի մտքով: Սա իմիջիայլոց: Նախարարությունը սա դիտարկում է որպես լրացուցիչ տեղեկատվություն և անպատասխան չթողնելով նամակում բարձրացված հարցերը` ակնկալելու է, որ եթե դրանք չմոտեցնեն որոշակի խնդիրների լուծման, գոնե նամակագրերին ու նրաց համախոհներին (նամակն ստորագրված է ՙԹռչկան՚ և ՙԽոսրովի արգելոց՚ նախաձեռնությունների անունից) որոշակի, լրացուցիչ փաստարկներ կներկայացնեն ՙԽոսրովի անտառ՚ ՊԱ-ի շուրջ ընթացող վերջին զարգացումների վերաբերյալ: Նախարարությունը գտնում է, որ ՙԽոսրովի անտառ՚ ՊԱ-ում առկա խնդիրների կարգավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ նշված նամակում տրված գնահատականները խիստ սուբյեկտիվ են ու հետապնդում են նախարարությանը անհիմն մեղադրելու նպատակ: Փաստերն ավելի խոսուն են: Բոլորին է հայտնի, թե երբ էր կատարվել կատեգորիայի փոփոխություն, որը թույլ էր տվել արգելոցի մի հատվածը դարձնել արգելավայր և տալ շինարարության թույլտվություն: Հայտնի է նաև, թե ինչ երկարատև ու դժվարին աշխատանքի արդյունքում կատարվեց ՙվերադարձ՚ արգելոցի կարգավիճակի և դադարեցվեցին շինարարական աշխատանքները: Դա կարևոր ձեռքբերում է, որում իրենց ներդրումներն ունեն նաև իրականում ՙԽոսրովով՚ մտահոգված բնապահպանները: Սա արդյունքն է, որը հանգեցրել է հիմնական խնդրի լուծման, արգելոցին վերադարձվել է զուտ արգելոցային ռեժիմ: Հիմնական խնդիրը լուծվել է, մնացել են հետևանքներ, որոնց վերացման ուղղությամբ նախարարությունը շարունակում է աշխատել: Դրանք վերացնելու գործընթացում բախվում են հանրային և մասնավոր շահեր. ՙԽոսրովի անտառ՚ ՊԱ-ի ռեժիմի պահպանումը, որպես հանրային շահ և այդ տարածքի վերաբնակեցված բնակավայրերի բնակիչների ավանդական հովեկությանը, որպես սոցիալական խնդիր, ինչպես նաև նախկին` այսպես կոչված ՙարգելավայրային՚ տարածքում շինարարություն իրականցրած կազմակերպության կողմից փոխհատուցման նպատակով հնչեցվող մասնավոր շահը: Սրանց լուծումը նույնպես ժամանակ ու միջոցներ է պահանջում: Ինչ վերաբերում է ապօրինի որսին, որից հետո աշխատանքից ազատվել է նաև արգելոցի տնօրեն Վորոնցով Բարսեղյանը, ապա, կարծում ենք, կատարված գործողությունները, ձեռնարկված միջոցները, ինչպես նաև սպասվելիք քայլերը տեսանելի են բոլորին: Նախ մի ճշգրտում կատարենք. ո՞րն է ձեր հետաքրքրության առարկան, դուք խնդիր ունեք. ա) պաշտպան՞ել արգելոցի շահերը, բ) պաշտպանե՞լ արգելոցի նախկին տնօրենի շահերը, գ) նույնականացնե՞լ արգելոցն ու նախկին տնօրենին, թե` դ) պարզապես հերթական անգամ առիթով կամ առանց առիթի, սուբյեկտիվ վերաբերմունք ցուցաբերելո՞վ, մեղադրել նախարարին ու նախարարությանը: Տպավորություն է ստացվում, թե Վ. Բարսեղյանի ժամանակ ամեն ինչ իր տեղում էր, և նրա նախ` արձակուրդ գնալու, ապա` ազատվելուց հետո են առաջացել բոլոր խնդիրները: Ավելին` փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե եթե աշխատանքի մեջ լիներ նախկին տնօրենը, ապա այս ամենը տեղի չէր ունենա: Մոռանում եք, թե երբվանից և ինչ կարգավիճակով է աշխատել ՙԽոսրով՚ ՊԱ-ում Վ. Բարսեղյանը: Ինչ վերաբերում է նրա արձակուրդ գնալուն, ապա հիշեցնում ենք, որ նա գնացել է իր հերթական արձակուրդին իր իսկ դիմումով ս/թ սեպտեմբերի 6-ից: Արձակուրդ կարող էր ստանալ սկսած հուլիսի 9-ից, գնացել է սեպտեմբերի 6-ից, կրկնում ենք, իր իսկ դիմումով, իսկ արձակուրդ տրվել է աշխատանքային օրենսգրքով սահմանված չափով` 20 աշխատանքային օր: Ապօրինի որսն իրականացվել է սեպտեմբերի 18-ին: Այս առումով խիստ տարօրինակ է հնչում նամակում բերված ՙ …ինչ նպատակ էր հետապնդում արգելոցի ՊՈԱԿ-ի տնօրեն Վ. Բարսեղյանին կարևոր պահին արձակուրդ ուղարկելու մասին հրամանի կայացնելը…՚ ձևակերպումը: Եթե դուք կամ Վ. Բարսեղյանը սեպտեմբերի 6-ին նախարարությանը հուշեիք ապօրինի որսի պլանավորման մասին, հաստատ Վ. Բարսեղյանը արձակուրդում չէր լինի, և այսօր աշխատանքից ազատվելու փոխարեն կկրեր լրիվ այլ պատասխանատվություն: Ինչ վերաբերում է Վ. Բարսեղյանին աշխատանքից ազատելուն, ապա դա կատարվել է համաձայն նրա դիմումի: Մեր նախորդ տեղեկատվություններում մենք իրազեկել ենք հանրությանը, որ վերջին դեպքերի հետ կապված արգելոցի որոշ պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից կամ կրել են կարգապահական տույժեր: Գիտեք նաև,որ շարունակվում է ապօրինի որսի վերաբերյալ հետաքննությունը, տնօրինությունն սպասում է վերջնական եզրակացությանը: Այս պարագայում նույնպես նախարարությունը, չխախտելով ՊՈԱԿ-ին վերապահված իրավասությունների սահմանները (տեղամասի պետերին և առհասարակ աշխատակազմին նշանակում և ազատում է ՊՈԱԿ-ի տնօրինությունը), կցուցաբերի հետևողականություն: Ենթադրություն է արվում, թե նախարարությունը պատրաստվում է Հ. Թամազյանին նշանակել տնօրենի պաշտոնում: Հ. Թամազյանը տնօրենի պարտականությունների կատարումն ստանձնել է որպես ՙԽոսրովի անտառ՚ պետական արգելոց՚ ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահ: Նրան այդ աշխատանքում հաստատելը անհիմն ենթադրություն է, քանզի նախ` տնօրենը աշխատանքի է ընդունվում մրցույթի արդյունքում, որն արդեն իսկ հայտարարվել է, ապա` Հ. Թամազյանի տարիքը թույլ չի տալիս նույնիսկ մասնակցել մրցույթի: