ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հոկտեմբերի 19-ին Շիրակի մարզի Ղազանչի համայնքում մասնակցել է «Արփի լիճ» ազգային պարկի հիմնական ենթակառուցվածքների և այցելուների կենտրոնի բացման արարողությանը: Նախարարը շրջայց է կատարել այցելուների կենտրոնում, ծանոթացել է պայմաններին, ՀՀ Բնության թանգարանի մասնաճյուղի ցուցադրությանը, որտեղ ներկայացված էին տարածաշրջանում տարածված կենդանիների մասին պատմող նյութեր: Արամ Հարությունյանի հաջորդ կանգառը Բերդաշեն համայնքում էր, որտեղ նախարարը ներկա է գտնվել «Արփի լիճ»ազգային պարկի վարչական շենքի, հյուրատան, ավտոտնակների բացմանը: Շնորհավորելով ներկաներին նախարարը նշել է. «Այս ծրագիրը լինելու է շարունական որը նպաստելու է համայնքների համաչափ զարգացմանը: Սա հրաշալի նախաձեռնություն է և կարծում եմ որ սա սկիզբ կդնի տարածաշրջնում Էկոտուրիզմի զարգացմանը»: Ավարտին նախարար Հարությունյանը մասնակցել է ծառատունկի: Ծրագիրը նպատակ ունի նաև ապահովելխմելու ջրի մատակարարման խնդիրները համայնքներում, «Արփի լիճ» ազգային պարկ ՊՈԱԿ-ի կողմից նախատեսվում է ստեղծել «Արփի լճի մեղվաբուծական կենտրոն»: Կենտրոնը կունենա ապրանքի պահեստ, ապրանքի վերամշակման, փաթեթավորման ու պիտակավորման սենյակ և գրասենյակ:«Արփի լիճ» ազգային պարկ ՊՈԱԿ-ի կողմից ստեղծվել է նաև «Արփի լճի մեղվաբուծական կենտրոն» ասոցացիա: Ծրագիրն իրականացվել է ՀՀ բնապահպանության նախարարության և Վայրի Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ: «Արփի լիճ» ազգային պարկը հիմնադրվել է ՀՀ բնապահպանության նախարարության և Վայրի Բնության համաշխարհային հիմնադրամի կողմից` Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության կողմից Վերակառուցման և զարգացման բանկի միջոցով ֆինանսավորված «Պահպանվող տարածքների ստեղծում Հայաստանի Ջավախքի (Աշոցք) տարածաշրջանում» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է պահպանել Հայաստանի Ջավախք-Շիրակ բարձրավանդակի կենսաբազմազանությունը և խթանել Շիրակի մարզում համայնքային կայուն զարգացմանը` «Արփի լիճ» ազգային պարկի հիմնադրման և ազգային պարկի պահպանման գոտու համայնքների զարգացման ծրագրերի իրականացման միջոցով: «Արփի լիճ» ազգային պարկ»պետական ոչ առեւտրային կազմակերպությունը ստեղծվել է ՀՀ կառավարության 16 ապրիլի 2009 թվականի 405-Ն որոշմամբ: Այն միտված է պահպանելու Եղնախաղի լեռնաշղթայի արևելյան և Ջավախքի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջերի ու դրանց միջև ընկած մարգագետնատափաստանային, մերձալպյան մարգագետնային և խոնավ տարածքների էկոհամակարգերը, Արփի և Արդենիս լճերի ու Ախուրյան գետի ավազանների, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանությունը, բնության հուշարձանները: