ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակի (UNDP) ղեկավար պարոն Բրեդլի Բուզետտոյին, գրասենյակի ղեկավարի տեղակալ Քլեր Մեդինային և բնապահպանական ծրագրերի համակարգող Արմեն Մարտիրոսյանին: Կողմերն ամփոփել են 2014 թ. ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակի համատեղ իրականացրած ծրագրերը, քննարկել 2015թ. անելիքներն ու համագործակցության նոր հեռանկարները: Գրասենյակի ղեկավար Բրեդլի Բուզետտոն հայտնել է, որ UNDP-ն աշխարհի այն փոքրաթիվ կազմակերպություններից մեկն է, որը 2015 թվականին հավատարմագրվել է «Կանաչ հիմնադրամի» կողմից և եզակի հնարավորություն ունի ֆինանսավորում ստանալու տարածաշրջանում էներգախնայողության և բնապահպանական ուղղվածության ծրագրեր իրականացնելու համար: Նախարար Արամայիս Գրիգորյանն, այս հավատարմագրումը մեծ ձեռքբերում համարելով թե' UNDP-ի և թե' տարածաշրջանի համար, ընդգծել է. ««Կանաչ հիմնադրամի» ընձեռած հնարավորությունները, որոնք ուղղված են Կլիմայի փոփոխության դեմ պայքարի ուղղությամբ մարդկության ջանքերն առավել արդյունավետ դարձնելուն, նոր հեռանկարներ կստեղծեն մեր երկրում բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ»: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել մինչ դեկտեմբերին Փարիզում կայանալիք «ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի 21-րդ համաժողովը» մշակել և ներկայացնել համապատասխան ծրագրային առաջարկներ: