Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է «Դանդի Փրիշս Մեթալս Կապան›› ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռիչարդ Հաուզին և գործադիր տնօրեն Հրաչ Ջաբրայանին: Հյուրերը շնորհավորել են Արամայիս Գրիգորյանին նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ այսուհետ ընկերության և նախարարության միջև համագործակցությունն առավել սերտ կլինի: Հրաչ Ջաբրայանը հակիրճ ներկայացրել է ընկերության գործունեությունը ՀՀ-ում և արտերկրում, նշել, որ «Դանդի Փրիշս Մեթալս Կապան›› ՓԲԸ-ն պատրաստակամ է իր աշխատաոճով դառնալու օրինակելի մյուս հանքարդյունահանող ընկերությունների համար՝ հույս հայտնելով, որ նորանշանակ նախարարը կընդունի փոխգործակցության նոր առաջարկը: Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար և նշել, որ Բնապահպանության նախարարությունը պարտավոր է և պատրաստակամ համագործակցելու ինչպես մյուս բոլոր, այնպես էլ «Դանդի Փրիշս Մեթալս Կապան›› ՓԲ ընկերության հետ` միաժամանակ ընդգծելով, որ ընկերությունն ունի բնապահպանական և սոցիալական հստակ պարտականություններ Սյունիքի մարզի և տեղի բնակչության հանդեպ, և այդ պարտականությունների կատարման պայմաններում է միայն ինքը տեսնում սերտ և արդյունավետ համագործակցություն: «Այն վնասներն ու կորուստները, որոնք հասցվում են բնությանը հանքարդյունահանման ընթացքում, պետք է կարողանաք հասցնել նվազագույնի և փոխհատուցել` խելամիտ ռեկուլտիվացիա իրականացնելով և աչալուրջ լինելով պոչամբարների նկատմամբ››,-նշել է նախարարը: Հրաչ Ջաբրայանն իր հերթին նշել է, որ ընկերությունն իր գործունեության մեջ առաջնորդվում է սոցիալական և բնապահպանական բարձր պատասխանատվության սկզբունքով: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել փորձաքննություն սկսել անտառվերականգնման ծրագրի իրականացման նպատակով: