ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.04.2021
«10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում հերթական 10.000 ծառը կտնկվի Սևանա լճի ափին

Շրջակա միջավայրի նախարարությունը մեծ թափով շարունակում է «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում մեկնարկած ծառատունկը։
Ապրիլի 17-ին Գեղարքունիքի մարզում՝ «Սևան» ազգային պարկի տարածքում, «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում  կտնկվի ևս 10.000 տնկի։
Նախքան ծառատունկը  «Սևան» ազգային պարկը նախաձեռնել է հանրային №1 լողափում (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63 կմ-ից դեպի ափամերձ հատված, 1.39 հա) իրականացնել մաքրման աշխատանքներ։ 
Մաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով՝  «Սևան» ազգային պարկի կողմից մասնակիցներին կտրամադրվեն աղբահավաք պարկեր և ձեռնոցներ։
Աշխատանքները կմեկնարկեն ժամը 09։00-ին։ Շրջակա միջավայրի նախարարությունը համայնքի բոլոր բնակիչներին, կրթական հաստատություններին, հասարակական կազմակերպությունների և բնապահպանական նախաձեռնությունների ներկայացուցիչներին կոչ է անում ակտիվ մասնակցություն ունենալ Սևանա լճի առափնյա հատվածի մաքրման աշխատանքներին։ 
Ժամը 13։00-ին  «Սևան» ազգային պարկի Մարտունու մասնաճյուղի Մարտունու տեղամասում կիրականացվի ծառատունկ մասնաճյուղի տնկարանում աճեցված բարդի տեսակի տնկիներով: 5000 տնկին կտնկվի Մարտունու տեղամասում, մյուս 5000-ը՝ մարզի այլ համայնքներում։ 
Այս պահին ընթանում են ծառերի տնկման համար նախապատրաստական աշխատանքներ։
Հանրային №1 լողափի մաքրման և ծառատունկի աշխատանքներին կմասնակցի նաև Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Արթուր Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պավել Ցուգունյանը։