ՀՀ բնապահապանության նախարար Արամ Հարությունյանը այսօր կենդանիների պաշտպանության միջազգային օրվա առիթով Բնության պետական թանգարանում բաց դաս է անցկացրել Երևանի Աղասի Խանջյանի հ 53 հիմնական դպրոցի աշակերտների հետ: Նախարարը շնորհավորելով աշակերտներին՝ ընդգծել է Հայաստանում կենդանիների պաշտպանության դերն ու նշանակությունը և այդ ուղղությամբ տարվող աշխատանքները: Նախարարի խոսքով օրը հրաշալի առիթ է խոսելու խնդիրների մասին և սկիզբ դնել բնության պահպանության ու կենդանական աշխարհի մասին գիտական հետազոտությունների զբաղվելով: Նա մասնավորապես նշել է. «Մեր կենդանական աշխարհը մեր հարստությունն է: Մենք պետք է դառնանք մեր բնության ու կենդանական աշխարհի պաշտպանները: Այս ամենը, անհրաժեշտ է սկսել մեր անձնական օրինակով»: Աշակերտները նախարարին առաջարկեցին միասին այցելել հատուկ պահպանվող տարածքներից որևէ մեկը: Նախարարը խոստացավ առաջիկայում կազմակերպել նրանց այցելությունը: Միջոցառման ավարտին երեխաները նախարարի կողմից ստացել են խորհրդանշական գրքեր բնության պահպանության վերաբերյալ: Թանգարանի գիտաշխատողների ուղեկցությամբ աշակերտները շրջեցին բնության թանգարանում ծանոթացան ցուցադրությանը: Կենդանիների պաշտպանության միջազգային օրը առաջին անգամ նշվել է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում 1931 թվականին, բնության պահպանության կողմնակիցների Միջազգային կոնգրեսի ժամանակ: Կոնգրեսում ներկայացված երկրների պատվիրակները և բազմաթիվ հասարակական կազմակերպությունների րենց պատրաստակամությունը հայտնեցին ամեն տարի նշելու այդ օրը: Հայաստանը 2008թ. միացել է այս գործընթացին և յուրաքանչյուր տարի նշում է կենդանիների պաշտպանության միջազգային օրը: ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
