Վերջին օրերի քաղաքական իրադարձությունները մթագնեցին հասարակական-բնապահպանական շարժումները: Մինչդեռ վերջին շրջանի ամենից շատ աղմուկ բարձրացրած սկանդալը Խոսրովի անտառում գտնված կենդանիների կմախքներն էին` անօրինական որսի փաստերը, որոնք հայտնաբերել էին երիտասարդ բնապահպանները: Այս առումով մենք մի քանի հարց տվեցինք բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին: - Պարոն Հարությունյան, բնապահպանների գտածոները մեծ աղմուկ բարձրացրին: Բնության նկատմամբ ոտնձգությունները շարունակվում են, և բնապահպանները նաև Ձեզ են մեղադրում, որ բնապահպանության ոլորտում այսպիսի վիճակ է տիրում: Որսագողերը, բնության փչացնողները չեն պատժվում: - Վերջին օրերին <<Խոսրովի անտառ>> պետական արգելոցի սահմանին, հարակից տարածքներում իրականացված անօրինական որսը և դրա շուրջ ծավալված գործողությունները ևս մեկ անգամ կարևորեցին բնապահպանական խնդիրների վրա պետական վերահսկողության առավել ուժեղացման, հասարակական հսկողության մեծացման և հանրային մասնակցության ապահովման անհրաժեշտությունը: Քննարկումները, բանավեճերը, հիմնավորումները թեև տարաբնույթ ու տարահունչ էին, երբեմն ոչ մասնագիտական, սակայն բոլորի ձգտումներում կար նույն ազնիվ մոտեցումը, այն է` կատարվել է անթույլատրելին, որը պետք է մինչև վերջ բացահայտվի, մեղավորները միանշանակ պետք է պատժվեն, պետք է կատարվի անհրաժեշտ եզրակացություն, և իրականացվեն համապատասխան գործողություններ: - Փաստորեն, բացահայտման գործում ձեզ օժանդակում են երիտասարդները, որոնք անշահախնդիր հոգ են տանում բնության մասին, փնտրում են, գտնում են ու մատնացույց անում, թե որտեղ է խնդիրը: Դուք համագործակցո՞ւմ եք նրանց հետ: - Պետք է նշել, որ թույլ է համագործակցությունը պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների միջև: Շատ հաճախ այդ համագործակցությունը ձեռք է բերում առճակատման ու տարակարծության բնույթ, որը հիմնականում չի արտացոլում մեր մտահոգությունները, չի վերարտադրում հանրային իրական կարիքն ու հետաքրքրությունը, երբեմն անգամ վերածվում է անձնական նկրտումների արտահայտման ու վիրավորանքի: Սակայն ՀՀ բնապահպանության նախարարությունը, չխուսափելով պատասխանատվությունից, հայտնում է իր պատրաստակամությունը` հասարակության և հասարակությունը ներկայացնող կազմակերպությունների հետ կիսելու բնապահպանական խնդիրների, հատկապես պահպանվող տարածքների կառավարման իրականացման իրավասություններն ու դրանից առաջացող պատասխանատվությունը: - Իսկ բուն հասարակության հե՞տ: Մարդիկ, բնակչությունն այդ հարցերում ձեզ գործընկե՞ր են, թե՞ ոչ: - Մենք կարևորում ենք նաև ակտիվ ու նպատակային աշխատանքն ազգաբնակչության հետ: Անհրաժեշտ է նվազագույնի հասցնել պահպանվող տարածքներ-հարակից համայնքներ հակամարտությունները և այդ ամենին մասնակից դարձնել շահագրգիռ կազմակերպություններին ու անհատներին: Հետապնդելով իրավիճակը շարունակաբար բարելավելու նպատակ` ՀՀ բնապահպանության նախարարությունը դիմում է բնապահպանական կազմակերպություններին, բնապահպան ակտիվիստներին, անհատ քաղաքացիների` հայտնել այս ամենին իրենց մասնակցության պատրաստակամության և մասնակցության ձևի վերաբերյալ: Նախարարությունը պատրաստ է քննարկել ցանկացած կառուցողական առաջարկություն: Անի Առաքելյան Հրապարակ 3 հոկտեմբեր, չորեքշաբթի, 2012
