ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը ս.թ. հոկտեմբերի 16-ին և 17-ին մասնակցել է Վիեննայում կայացած ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական հարթության իրացման հանդիպմանը որտեղ հանդես է եկել ելույթով։ <<Բնապահպանական մարտահրավերների և անվտանգության շուրջ իրազեկման բարձրացում>> նիստում Էրիկ Գրիգորյանը նշել է տնտեսական որոշումներում բնապահպանական բաղադրիչի կարևորության մասին, ինչպես նաև կարևորել բնապահպանական ծրագրերում սոցիալական և տնտեսական իրականության համադրումը: Փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում բնապահպանության ոլորտում իրականացվող կառավարության բարեփոխումները՝ մասնավորապես հանքարդյունաբերության, ՓՀԷԿ-երի, շրջակա միջավայրի մոնիթորինգի, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և բնապահպանական վճարների ոլորտներում՝ ուղղված շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցությունների նվազեցմանը: Հանրության իրազեկվածության բարձրացման համատեքստում Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է արդյունաբերության ճյուղերի թափանցիկության Հայաստանյան նախաձեռնության մասին, e-draft.am կայքի, սոցիալական ցանցերի և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման և Հայաստանյան Օրհուս կենտրոնների աշխատանքի մասին։ Կարևորելով համագործակցությունը ոչ միայն ազգային, այլ տարածաշրջանային և միջազգային մակարդակներում՝ բնապահպանության նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերը և Հայաստանում իրականացվող ծրագրերը։ Նկատելով, որ բնապահպանական հարցերը շաղկապված են մարդկանց կյանքի որակի, սոցիալական և տնտեսական իրականությունների հետ` է. Գրիգորյանը առաջարկել է ընդունել, որ աղքատությունը հանդիսանում է բնապահպանական ամենակարևոր հիմնախնդիրներից մեկը և ընդգծել, որ աղքատության նվազեցումը էական ազդեցություն կարող է ունենալ բնապահպանական խնդիրների լուծման գործում։