ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.09.2012
Սյունիքի տարածքային բաժինը սույն թվականի օգոստոսի 20-ին ստացել է ահազանգ

  ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժինը սույն թվականի օգոստոսի 20-ին ստացել է ահազանգ այն մասին, որ "Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ" ՓԲԸ-ում տեղի է ունեցել մետաղյա խողովակաշարի վթար, ինչի հետևանքով ապարախյուսը հոսել է շրջակա միջավայր, թափվելով Գեղի տանող ավտոճանապարհի աջ մասում գտնվող հեղեղատարի մեջ` որոշակի մասը Ողջի գետ, ինչպես նաև շուրջ 100մ երկարությամբ ասֆալտապատ տարածք: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հանձնարարությամբ տեղում ուսումնասիրել են իրավիճակը, արձանագրել փաստը, իրականացրել են աղտոտված ջրերի նմուշառում: Ողջի գետից կատարված նմուշառման անալիտիկ հետազոտությունների և խողովակատարից արտահոսքի ծավալների հաշվարկի համադրության արդյունքում արձանագրվել է շուրջ 38 տոննա ապարախյուս, որից 28 տոննան լցվել է բաց ջրավազան: ՀՀ կառավարության 14.08.2012թ-ի թիվ 1110-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն կատարվել է ջրային ռեսուրսներին պատճառված վնասի հաշվարկ 294.0 հազար դրամի չափով, որը ՙՙԶՊՄԿ՚՚ ՓԲԸ-ի կողմից փոխանցվել է ՀՀ պետական բյուջե: Ապարախյուսով աղտոտված տարածքն անմիջապես ընկերության կողմից մաքրվել է  և լվացվել, իսկ շուրջ 7 մ3 կոշտ մնացորդ տեղափոխվել է վթարային ավազան: Նշված աղտոտված տարածքի համար բնապահպանական վնաս չի հաշվարկվել, քանի-որ արդյունաբերական և տրանսպորտային նշանակության հողերի աղտոտման դեպքում վնասի հաշվարկ չի նախատեսված: Ընկերությանը տրվել են հանձնարարականներ բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման և հնարավոր խախտնումների վերացման վերաբերյալ, մասնավորապես`հետագա հնարավոր վթարների դեպքում ապարախյուսի արտահոսքը շրջակա միջավայր հնարավորինս բացառելու նպատակով միջոցառումներ ձեռնարկելու մասին:   ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն