ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գործող Հայաստանի բնության պետական թանգարանում հունիսի 5-ին տեղի են ունեցել Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներ: Բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, անդրադառնալով օրվա խորհրդին, կարևորել է նրա դերը Հայաստանի հարուստ կենսաբազմազանության պահպանման խնդիրների վրա հասարակության ուշադրությունը հրավիրելու հարցում: Բնապահպանական խնդիրներն ակտիվ, օբյեկտիվ և հետևողական լուսաբանող մի խումբ լրագրողներ և «Էկոլուր» տեղեկատվական կայքը ՀՀ բնապահպանության նախարարի կողմից պարգևատրվել են պատվորգրերով և ՀՀ բույսերի և կենդանիների կարմիր գրքերի օրինակներով: Միջոցառման կազմակերպմանն աջակցած WWF-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը հատուկ մրցանակ է հանձնել «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ին՝ որպես Բնության համաշխարհային հիմնադրամի լավագույն գործընկեր: Հայաստանի բնության պետական թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանը պատվոգրեր է հանձնել ցուցահանդեսների հեղինակներին: Բարեխիղճ աշխատանքով աչքի ընկած Բնապահպանության նախարարության մի խումբ աշխատակիցներ նախարարի հրամանով արժանացել են խրախուսման: ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը ներկայացրել է Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարի ուղերձը: Թանգարանում ցուցադրվել են «Բնության հրաշքներ», «Ձկան փշերի կոմպոզիցիա», «Բնապատկերներ բնական բրդից», «Մոմերի աշխարհ» խորագրերով ցուցահանդեսներ: Երևանի կենդանաբանական այգում տեղի է ունեցել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի, Երևանի կենդանաբանական այգու, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումների շարք՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ: Միջոցառմանն իրենց տաղավարներով մասնակցել են նաև բնապահպանության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական և առևտրային կազմակերպությունները: Անցկացվել է շրջակա միջավայրի պահպանության խնդիրներին առնչվող մրցույթ, որում հաղթած տաղավարները պարգևատրվել են ՀՀ բնապահպանության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Կենդանաբանական այգու կողմից հատկացված մրցանակներով: ՄԱԿ-ի զարգացման հայաստանյան գրասենյակի աջակցությամբ ցուցադրվել է «Անտառը և կլիմայի փոփոխությունը» խորագրով դպրոցականների պատրաստած պաստառների և նկարների ցուցահանդես: Հայաստանի ագրարային ազգային ակադեմիայում անցկացվել է բաց դասախոսություն ՝ «Բնապահպանության ոլորտում Հայաստանի միջազգային համագործակցությունը» թեմայով: Ոլորտի խնդիրների վերաբերյալ հանդես են եկել Օզոնի ազգային կենտրոնի ներկայացուցիչ Լիանա Ղահրամանյանը և և Կովկասի բնության հիմնադրամի/ CNF-ի/ ներկայացուցիչ Արման Վերմիշյանը: Կազմակերպվել են տարածքի մաքրման աշխատանքներ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Գառնու տեղամասի՝ Հավուց Թառ տանող էկոերթուղում: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ անցկացվել են առաջին օգնության ուսումնական-ցուցադրական միջոցառումներ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի վարչական շենքի տարածքում: Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա առիթով միջոցառումների շարք է իրականացրել Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրը: Դպրոցի սաներից ձևավորված մի քանի տասնյակ ջոկատներ մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացրել մայրաքաղաքի և հանրապետության բազմաթիվ տեղամասերում: