ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.08.2012
Սույն թվականի օգոստոսի 23-ից 25-ը, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն

Սույն թվականի օգոստոսի 23-ից 25-ը, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն` մասնակցելու Հանրապետական բնապահպանական ֆորումին: Հանրապետական բնապահպանական ֆորումի հանդիսավոր բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարը: Արարողության շրջանակում տեղի է ունեցել Հանրապետական բնապահպանական ֆորումի տասնամյակին նվիրված ծառատունկ, ինչպես նաև <<Ժամանակակից տեխնոլոգիաներ շրջակա միջավայրի պահպանության և ռացիոնալ բնօգտագործման ոլորտում>> թեմայով մասնագիտացված ցուցահանդես: Այցելություններ են կատարվել Բելառուսի Հանրապետության ազգային պահպանվող տարածքներ, ինչի ընթացքում ծանոթացել են պահպանվող տարածքների կառավարման ոլորտում Բելառուսի հարուստ փորձի և կառամարման մեթոդների հետ: Պաշտոնական այցի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հանդիպել է Բելառուսի Հանրապետության օգտակար հանածոների և շրջակա միջավայրի պահպանության նախարար Վ.Ցալկոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմանի համագործակցության զարգացման և դրա համար անհրաժեշտ միջոցների մշակման խնդիրները, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հետևյալ ոլորտներում. Համագործակցություն Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետություն միջև <<Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին>> Էսպո կոնվենցիայի շրջանակներում: Համագործակցություն Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի շրջանակում: Որպես չափազանց կարևոր առաջնահերթություն, քննարկվել է Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև բնապահպանության ոլորտում համաձայնագրի կնքման, ինչպես նաև երկու երկրներում էկոտուրիզմի զարգացման հիմնահարցերը: Այցելության արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն երկու երկրներին վերաբերվող ընդհանուր հետաքրքրությունների համակարգման և բնապահպանության ոլորտում համաձայնագրի կնքման, ինչպես նաև երկու երկրների բնապահպանության ոլորտի մասնագետների փորձի փոխանակման շուրջ: Երկկողմ համագործակցության զարգացման հետագա քննարկումների նպատակով ս/թ աշնանը նախատեսվում է Բելառուսի Հանրապետության օգտակար հանածոների և շրջակա միջավայրի պահպանության նախարարի այցը Հայաստանի Հանրապետություն:   ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն