ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.10.2017
Հայաստանի հարուստ բնաշխարհն առանձին ցուցասրահով կներկայացվի «Ես Հայաստանն եմ- մեծ մշակույթ» ցուցահանդեսում

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը հանդիպել է «Ինտերնացիոնալ արտ» ընկերության ներկայացուցիչ Մարիկա Փարսադանելլիին, ով Հայաստան է ժամանել «Ես Հայաստանն եմ- մեծ մշակույթ» նախագծի շրջանակներում:  Մշակույթի և արվեստի ոլորտում միջազգային ծրագրերի մասնագետը տեղեկացրել է, որ  համաշխարհային խոշոր SILA SVETA /Լոս Անջելես/ կազմակերպության հետ կազմակերպվում է մուլտիմեդիա ձևաչափով ցուցահանդես` նվիրված Հայաստանին և հայ ժողովրդի մեծերին: Ցուցահանդեսում նախատեսված է նաև Հայաստանի շրջակա միջավայրին նվիրված ցուցասրահ և հյուրը խնդրել է աջակցել վերջինիս ձևավորման և համապատասխան տեղեկատվության տրամադրման հարցում: Փոխնախարար Խաչիկ Հակոբյանը ողջունել է ծրագրի գաղափարը և շեշտել, որ Հայաստանի մասին ամբողջական պատկերացում ձևավորելու համար հարուստ բնաշխարհի ներկայացումն անհրաժեշտություն է:  Նախարարի տեղակալը  գերատեսչության անունից պատրաստակամություն է հայտնել տեխնիկական և տեղեկատվական աջակցություն ցուցաբերել բնապահպանական սրահի ձևավորման հարցում` առավել ևս, որ ցուցահանդեսը կազմակերպվելու է հայկական սփյուռքի մեծ գաղթօջախներ ունեցող բոլոր երկրներում, ինչը հնարավորություն կընձեռի Հայաստանի հարուստ կենսաբազմազանության վերաբերյալ մեծածավալ իրազեկում իրականացնել, որն էլ իր հերթին կխթանի էկոզբոսաշրջությունը մեր երկրում: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հետագա աշխատանքները կազմակերպել հստակ  տեխնիկական առաջարկների շուրջ: