Քննարկմանը մասնակցում էին` ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան մասնագետները, «ԳԵՈԹԻՄ» ՓԲԸ ներկայացուցիչները, ընկերության նախագահ` Թիմ Քաուլինգի գլխավորությամբ, բնապահպանական հասարակական կազմակերպություններ, ազդակիր համայնքների ղեկավարներ և բնակիչներ, ինչպես նաև լրատվամիջոցներ: Ծրագիրը ներկայացրեց ընկերության նախագահը, որի դիտարկմամբ Ամուլսարի շահագործումը չի առաջացնելու բնապահպանական խնդիրներ, քանի որ աշխատանքները իրականացվելու են համաշխարհային բարձր ստանդարտներին համապատասխան, ինչպես նաև տեղեկացրեց, որ Ամուլսարի շահագործումը կապահովի 300 մշտական աշխատատեղ, կիրականացվի շուրջ 5000 բարդու և կեչու ծառատունկ: Անկախ փորձագետները ներկայացրեցին իրենց կողմից իրականացրած ուսումնասիրությունները: Նշվեց նաև, որ նախագիծը անցել է երկու հասարակական լսումների փուլ: Ազդակիր համայնքների ղեկավարներն իրենց խոսքում նշեցին, որ բնակչությունը կողմ է հանքի շահագործմանը, և որ մշտական աշխատատեղերի առկայությունը կանխել է արտագաղթը, ինչպես նաև աճել է ծնելիությունը: Բնապահպանական հասարակական կազմակերպությունները հայտնեցին իրենց մտահոգությունները տվյալ տարածքում կենսաբազմազանության հատկապես կարմիր գրքում գրանցված կենդանիներին և բույսերին սպառնացող վտանգների, փոշու բարձր տոկոսների առկայության, Սևանա լճին սպառնող ռիսկերի , ինչպես նաև տուրիզմի զարգացմանը խոչնդոտելու հարցերի վերաբերյալ: Ամփոփելով քննարկման արդյունքները ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հանձնարարեց. Ծրագիրը ուղղարկել կարծիքի Սևանի հարցերով հանձնաժողով, քանի որ այն առնչություն ունի Սևանի ավազանի հետ: Կազմակերպել հասարակական լսումներ Ջերմուկ քաղաքում: Նախարարությունում ստեղծել աշխատանքային խումբ` ներգրավելով համապատասխան մասնագետների, որոնք կզբաղվեն բարձրացված հարցերի ուսումնասիրմամբ, ինչպես նաև առաջարկեց բնապահպանական հասարակական կազմակերպություններին երկշաբաթյա ժամկետում գրավոր առաջարկություններ ներկայացնել նախագծի վերաբերյալ: ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն