ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.03.2012
ՀՀ բնապահպանության նախարարությունը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, կարևորելով բնապահպանության ոլորտում կադրերի պատրաստման գործընթացի

ՀՀ բնապահպանության նախարարությունը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, կարևորելով բնապահպանության ոլորտում կադրերի պատրաստման գործընթացի արդյունավետ կազմակերպումը, ս/թ մարտի 30-ին ստորագրեցին համագործակցության պայմանագիր: Պայմանագրի առարկան երկկողմանի աջակցող գործողությունների ապահովման միջոցով «Տնտեսական գործունեության բնապահպանական փորձաքննություն» մասնագիտացմամբ մագիստրոսական կրթական ծրագրի իրականացումն է` համակարգի համար որակյալ մասնագետներ պատրաստելու և աշխատանքի տեղավորելու նպատակով: Բնապահպանության նախարարության մասնակցությունն այդ աշխատանքներին, հատկապես կրթական ծրագրերի ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի և մասնագիտական թեզերի թեմաների վերաբերյալ եզրակացություններ և առաջարկություններ տալու, ինչպես նաև սովորողների պրակտիկայի կազմակերպման ուղղությամբ, մեծապես կօգնի կադրերի պատրաստումն առավել գործնական հիմքերի վրա դնելու: Պայմանագրի ստորագրումից հետո ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանը խոսեց բնապահպանության առջև ծառացած արդի խնդիրներից` կապված հատկապես կլիմայի փոփոխության և ադապտացման, անապատացման վտանգների, կենսաբազմազանության պահպանմանն ուղղված գործողությունների հետ, ողջունեց տնտեսագիտական համալսարանի նախաձեռնությունը` նոր կրթական ծրագրեր ներմուծելու և կրթության որակն արդիականացնելու ուղղությամբ: Համալսարանի ռեկտոր Կ. Աթայանի խոսքը վերաբերում էր ինչպես կրթական նոր ծրագրերի իրականացման անհրաժեշտությանը, այնպես էլ աշխատաշուկայում շրջանավարտների պահանջարկի ձևավորման և աշխատանքի տեղավորման հարցերին, որը նույնպես դիտարկվում է որպես բուհի ռեյտինգային ցուցանիշ: ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն