Տեղի է ունեցել «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը։
Միջոցառմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, և այլ հյուրեր:
«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթն անցկացվել է 5 անվանակարգում, որոնց շրջանակում ներկայացվել է 54 հայտ: Հաղթող է ճանաչվել 5 հայտ, որոնցից յուրաքանչյուրն արժանացել է 500.000-ական դրամի:
Մրցույթն անցկացվում է երիտասարդների նորարարական մտածողությունը զարգացնելու, ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացում երիտասարդներին ներգրավելու, գիտատեխնիկական մշակումներ և նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունների խթանման նպատակով:
Միջոցառմանը ներկա պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել դիտարկելու մրցութային շեմը չհաղթահարած, սակայն հետաքրքիր և նորարար գաղափարներին աջակցելու հնարավորությունը, որը ևս ուղղված է երիտասարդների նորարար գաղափարների բացահայտմանը: