Հոկտեմբերի 22-ից 23-ը տեղի է ունեցել ուսուցողական աշխատաժողով համապատասխան շահագրգիռ կողմերի և մասնավոր հատվածի համար՝ արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) վերաբերյալ։
Աշխատաժողովը նպատակաուղղված էր հասարակության և արդյունաբերության համար ԱԸՊ-ի հիմնական առավելությունների, պետության հետ համագործակցության, ինչպես նաև ԱԸՊ-ի իրականացման ընդհանուր մարտահրավերների վերաբերյալ շահագրգիռ կողմերի իրազեկության բարձրացմանը:
Աշխատաժողովը կազմակերպվել էր շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից՝ «Քիմիական նյութերի և թափոնների արդյունավետ կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության ազգային կարողությունների զարգացում՝ Ստոկհոլմի, Բազելի, Ռոտերդամի, Մինամատայի կոնվենցիաների և Քիմիական նյութերի միջազգային կառավարման ռազմավարական մոտեցումների (SAICM) իրագործման նպատակով» ծրագրի շրջանակներում:
Աշխատաժողովին մասնակցել են շրջակա միջավայրի, առողջապահության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Էկոնոմիկայի, ֆինանսների նախարարությունների, ՆԳՆ փրկարար ծառայության, պետական եկամուտների կոմիտեի, բնապահպանության և ընդերքի, Առողջապահական և աշխատանքի, Սննդամթերքի անվտանգության, Շուկայի վերահսկողության, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինների, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Աշխատաժողովի ընթացքում միջազգային փորձագետ Կիրիակոս Պարպունասը ներկայացրել է ԱԸՊ-ի վերաբերյալ ակնարկն ու թեմատիկ հետազոտություններն այլ երկրներում, ԱԸՊ-ի սկզբունքները, հիմնական առավելությունները հասարակության և արդյունաբերության համար, տարբեր կառուցվածքային մոդելները, ԱԸՊ-ն որպես թափոնների ժամանակակից կառավարման հիմնական տարր:
Քիմիական նյութերի և թափոնների անվտանգ կառավարման սկզբունքներն ամրագրված են Հայաստանի Հանրապետության բոլոր ռազմավարական բնապահպանական և առողջապահական ծրագրերում և ապահովվում են Բազելի, Ստոկհոլմի, Ռոտերդամի և Մինամատայի կոնվենցիաներով ստանձնած պարտավորություններով:
Քիմիական նյութերի արդյունավետ կառավարման և թափոնների գործածության համար կարևոր հայեցակետ է հանդիսանում միասնական գործունեության համակարգի մշակման անհրաժեշտությունը, որը ընդգրկում է քիմիական նյութերի և թափոնների գործածության բոլոր փուլերը` ներառյալ դրանց արտադրությունը, արտահանումը, ներկրումը, պահումը, փոխադրումը, տեղաբաշխումը, օգտագործումը և հեռացումը:
Համաձայն ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA)՝ հայկական կողմը պարտավորություն է ստանձնել ներդնել արտադրողների ընդլայնված պատասխանատվության համակարգ՝ իրականացնելով համապատասխան օրենսդրական մոտարկումներ՝ ծախսերի ամբողջական փոխհատուցման մեխանիզմ ներդնելու նպատակով: