ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.08.2022
Աշխատաժողով՝ նվիրված Կլիմայի փոփոխության ազգային հաշվետվությունների համար անհրաժեշտ վիճակագրական տվյալների հասանելիության և որակի ապահովման հիմնախնդիրներին

Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ իրականացվող «Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցում» ՄԱԶԾ/ԳԷՀ ծրագրի շրջանակներում կայացել է «Կլիմայի փոփոխության ազգային հաշվետվությունների համար անհրաժեշտ վիճակագրական տվյալների հասանելիության և որակի ապահովման հիմնախնդիրները» թեմայով աշխատաժողով։
Աշխատաժողովի նպատակն էր շահագրգիռ կողմերի և փորձագիտական համայնքի հետ քննարկել «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի հաշվետվայնության համար անհրաժեշտ ցուցանիշները, կազմել բարելավման կարիք ունեցող ցուցանիշների ցանկը և նախանշել այդ ուղղությամբ հետագա աշխատանքների շրջանակը։
Աշխատաժողովին բացման խոսքով հանդես է եկել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը։
Ողջունելով մասնակիցներին՝ նախարարի տեղակալը կարևորել է կլիմայի փոփոխության վիճակագրության համար ամբողջական տեղեկատվության հավաքագրման անհրաժեշտությունը և տեղեկատվական աղբյուրների գույքագրումը, քանի որ Շրջակա միջավայրի նախարարությունը, հանդիսանալով որպես «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ազգային լիազոր մարմին, ունի պարտավորություններ՝ թափանցիկ և շարունակական կերպով տեղեկատվություն հաղորդել Կոնվենցիայի քարտուղարությանը՝ ստացված ֆինանսական աջակցության, ջերմոցային գազերի արտանետումների աղբյուրների և կլանիչների, մեղմման և հարմարվողականության միջոցառումների վերաբերյալ։
Աշխատաժողովին մասնակցել են կլիմայի փոփոխության նախաձեռնություններում ակտիվ դերակատարում ունեցող պետական ու ոչ պետական կառույցների` համապատասխան նախարարությունների, պետական այլ կառույցների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, կրթական կենտրոնների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և ոլորտի փորձագետներ:
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են Փարիզյան համաձայնագրի ներքո ՀՀ-ի 2021-2030թթ. ազգային մակարդակով սահմանված գործողությունները: