ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.09.2024
Կայացել է «Հայաստանի հարմարվողականության ֆինանսավորման ազգային մեխանիզմ» ծրագրի գերակայությունների վերաբերյալ աշխատաժողովը

Կայացել է Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից Հարմարվողականության հիմնադրամին ներկայացվող «Հայաստանի  հարմարվողականության ֆինանսավորման ազգային մեխանիզմ» ծրագրի գերակայությունների վերաբերյալ աշխատաժողովը
Աշխատաժողովին մասնակցել են ԲԾԻԳ հիմնարկի տնօրենի տեղակալ Արմեն Խոջոյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ,  շահառու մարզերի ներկայացուցիչներ՝ մարզային իշխանություններ և ՀԿ-ներ։
Իր խոսքում ՇՄՆ կլիմայական քաղաքականության վարչության պետ Նոնա Բուդոյանը կարևորել է նման բովանդակ աշխատաժողովը, անդրադարձել է վերջին շրջանում մարզերում իրականացված բնապահպանական ծրագրերին, որոնք ուղղված են եղել կլիմայի փոփոխության հետևանքների մեղմման ու հարմարվողականությանը։
«Կլիմայի փոփոխությունը  մարդկության առջև ծառացած ամենալուրջ մարտահրավերներից մեկն է, որի ազդեցությունը զգացվում է ամենուրեք՝ մարդկանց կյանքի վրա՝ սկսած բնական աղետներից մինչև զգալի տնտեսական կորուստներ և հանրային առողջապահական խնդիրներ։ Այս աշխատաժողովը ևս մեկ միջոց է՝ օգնել մարզերի նեկայցուցիչներին՝ դրամաշնորհների միջոցով հասնելու համայնքներում բնապահպանական խնդիրների լուծմանը»,- նշել է նա։ 
Ներկայացվել են Ծրագրի միջամտության շրջանակը՝ բաղադրիչներն ու առաջարկվող միջոցառումներ, կառավարման համակարգ, դրանց գերակայություններ և շահառուների ներգրավում, ինչպես նաև՝ Ծրագրի բնապահպանական և սոցիալական ռիսկերի կառավարում, շահառուների ընտրության չափորոշիչներ, խոցելի խմբերի ընդգրկում թեմաները։
ԲԾԻԳ հիմնարկը 2023 թվականի սեպտեմբերին ծրագրի «Ընդլայնված ուղիղ հասանելիություն» դրամաշնորհային պատուհանի շրջանակներում Հարմարվողականության հիմնադրամին է ներկայացրել «Հայաստանի հարմարվողականության ֆինանսավորման ազգային մեխանիզմ»  ծրագրի հայեցակարգային փաստաթուղթը: Վերջինիս հաստատումից հետո մեկնարկել են ամբողջական հայտի մշակման աշխատանքները: Ծրագրի մշակումը ստանձնել են «Քոնսեկոարդ» և «Ալֆա Փարթներս» ընկերությունները, որոնք Հայաստանում բնապահպանական և կլիմայական ֆինանսավորման ոլորտի խորհրդատվական ընկերություններից են: 
Ծրագրի հիմնական նպատակը երկրի հարմարվողականության կարողությունների բարելավումն է՝ հարմարվողականության ֆինանսավորման ազգային գործիք ստեղծելու միջոցով կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու և Հայաստանի մարզերում ու համայնքներում կլիմայի փոփոխության ազդեցությունների նկատմամբ դիմակայունությունը բարձրացնելու համար:
Ծրագրի բաղադրիչներն են՝

  •  Քաղաքականության իրականացում տարածաշրջանային/համայնքային մակարդակում,
  •  Շահառուների կարողությունների զարգացում-քարտեզագրում, կարիքների գնահատում և հիմնական դերակատարների կարողությունների զարգացում,
  •  Հարմարվողականության ֆինանսավորման ուղղորդում, կենսունակ ծրագրերի բացահայտում, գնահատում և ֆինանսավորում։