Հայաստանի քաղաքացիները կկարողանան ավելի լավ պատկերացնել ջրօգտագործման թույլտվություն ստանալու գործընթացը, որը կառավարության որոշմամբ հստակեցվում և ավելի մատչելի է դառնում:
Կառավարությունն այսօրվա նիստին հաստատեց Ջրօգտագործման թույլտվության տրամադրման, դրա ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, վերանայման, կասեցման, ուժը կորցրած ճանաչելու, դադարեցման կարգերը և ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը, հորատանցքի անձնագրերի, հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի ձևերը հաստատելու մասին նախագիծը, որը ներկայացրեց շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:
«Փոփոխությունը բխում է Ջրային օրենսգրքից, որը մենք նախորդ տարի ենք ամբողջությամբ ընդունել: Նախագծի ընդունմամբ՝ ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացը կհստակեցվի և մատչելի կլինի քաղաքացիների համար: Հստակեցրել ենք ջրօգտագործման թույլտվության տրամադրման ժամանակ պահանջվող փաստաթղթերի ցանկը, տարանջատել ենք ըստ նպատակների, սահմանել ենք, թե որ մարմինների տեղեկատվության վրա հենվելով պետք է լիազոր մարմինը գնահատի հայտի դրական կամ բացասական եզրակացությունը: Գործող կարգավորումներով որևէ նման տեղեկատվության պահանջ չունենք: Մանրամասն ներկայացվում են նաև ջրօգտագործման թույլտվության տրամադրման, դրա ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, վերանայման, կասեցման ուժը կորցրած ճանաչելու և դադարեցման դեպքերը: Գործող կարգավորումներով սրանք որևէ կերպ տարբերակված չեն և հայտնի չէ, թե որի դեպքում ինչ փաստաթղթեր են պետք»,-շեշտեց նախարար Սիմիդյանը:
Նա կարևոր փոփոխություն համարեց ստորերկրյա ջրային ռեսուրսների դեպքում բացի թույլտվությունից նաև անձնագրի տրամադրումը:
«Անձնագրի մեջ թույլտվության ժամկետը չի ֆիքսվում. դա ռիսկ ունի, որ երկարացման դեպքում մենք հնարավորություն չենք ունենում թույլտվությունը վերանայելու, իսկ քանի որ թույլտվությունը ստորերկրյա ջրային ռեսուրսներից է, խորքային հորերից, կլիմայական փոփոխությունների պարագայում ջրերի մասով խնդիրներ ունենք, և այս կարգավորումը մեզ կօգնի թույլտվության ժամկետի երկարաձգման պարագայում վերանայել, թե այս պահին ջրային ռեսուրսը մեզ թույլ տալի՞ս է, որ ջրօգտագործման թույլտվությունը լինի իքս չափի ջրառ և ոչ ավելի քիչ կամ ավելի շատ»,-իր խոսքն ավարտեց Հակոբ Սիմիդյանը: