ՀՀ Կառավարության հունվարի 8-ի նիստում գործադիրը հավանության է արժանացրել թափոնների կառավարման ոլորտում թվայնացմանն ուղղված որոշման նախագիծ։
Նախագծով նախատեսվում է թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման կամ պահման սահմանաքանակների նախագծերի հաստատման գործընթացը իրականացնել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ «Շրջակա միջավայրի կառավարման ոլորտի թվային ծառայությունների հարթակ» էլեկտրոնային համակարգի միջոցով։
Փոփոխությունները նպատակ ունեն պարզեցնել և արդյունավետ դարձնել տնտեսվարողների և շրջակա միջավայրի նախարարության միջև փոխգործակցությունը, նվազեցնել թղթաշրջանառությունը և բարձրացնել վարչարարության արդյունավետությունը։
Միաժամանակ կարգավորումները համապատասխանեցվում են «Թափոնների մասին» օրենքում կատարված վերջին փոփոխություններին՝ հստակ ընդգրկելով ոչ միայն թափոնների տեղադրումը, այլև դրանց պահումը։
Նախագծով նախատեսվում է նաև հնարավորություն, որպեսզի տնտեսվարողները սահմանաքանակների նախագծերի ներկայացման համար լիազորեն մասնագիտական գիտելիքներ ունեցող այլ անձանց՝ համապատասխան լիազորագրի էլեկտրոնային պատճենի ներկայացմամբ։
Որոշման ուժի մեջ մտնելը նախատեսվում է պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո՝ շահագրգիռ կողմերին նոր պահանջներին նախապատրաստվելու հնարավորություն տալու նպատակով։


