Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի (KfW) ծրագրերի պորտֆելի ավագ կառավարիչ Ֆրանկ Մյորշլը և «ՊՏԱԾ-Հայաստան» ծրագրի ղեկավար Միշել Բլիմսրիդերը «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ում իրականացված ծրագրերին և ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու նպատակով ՝ մայիսի 6-8-ը աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզում։
Աշխատանքային այցը մեկնարկել է Կապան համայնքում գտնվող «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի գրասենյակում, որտեղ ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Մկրտչյանի հետ քննարկվել են համագործակցության շրջանակում ՊՈԱԿ-ի ենթակայության ներքո հատուկ պահպանվող տարածքներում մինչ օրս իրականցված, մեկնարկած և նախատեսվող աշխատանքները, ներկայիս իրավիճակը և առկա հնարավորությունները։
Շարունակելով այցը՝ նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Ֆրանկ Մյորշլը և Միշել Բլիմսրիդերը եղել են Կապան քաղաքում գտնվող ծրագրի միջոցներով ձեռքբերված ՊՈԱԿ-ի նոր վարչական շենքում, որտեղ ծրագրի շրջանակում նախատեսվում են վերանորոգման աշխատանքներ։
Հաջորդիվ նախարարի տեղակալը, KfW ծրագրերի պորտֆելի ավագ կառավարիչն ու «ՊՏԱԾ-Հայաստան» ծրագրի ղեկավարը ՊՈԱԿ-ի տնօրենի ուղեկցությամբ այցելել են «Շիկահող» մասնաճյուղի վարչական շենք և տեղում ծանոթացել մասնաշենքի վիճակին և խնդիրներին։ Վարչական շենքում տեղի է ունեցել հանդիպում «Շիկահող» մասնաճյուղի աշխատակիցների հետ։
Այնուհետև, Արման Մկրտչյանի ուղեկցությամբ Արամ Մեյմարյանը, Ֆրանկ Մյորշինը և Միշել Բլիմսրիդերը քայլարշավ են իրականացրել «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Շիկահող» պետական արգելոցի տարածքում։