ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.07.2023
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում

Գորշ արջերի կողմից համայնքների բնակիչներին հասցված վնասներին տեղում ծանոթանալու և քաղաքացիների  հետ խնդիրը քննարկելու նպատակով   Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքի Շատին բնակավայրում:
Նախարարի գլխավորությամբ մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի հիմնահարցերով զբաղվող աշխատանքային  խմբի անդամները Վայոց ձորի փոխմարզպետ Դավիթ Սարգսյանի և Շատին համայնքի ղեկավարի ուղեկցությամբ այցելել են կենդանու հարձակումներից  տուժած տնային տնտեսություններ, զրուցել բնակիչների հետ, ներկայացրել այս ընթացքում մշակված լուծման տարբերակները:
Նախարարն իր խոսքում առանձնակի շեշտել է, որ չնայած խնդրի բարդությանը, կենդանուն վնասելը միանշանակ անընդունելի է և  կարգավորվում է օրենսդրությամբ:
Համայնքում շրջայցից հետո աշխատանքային խումբը խորհրդակցություն է անցկացրել Վայոց ձորի մարզպետարանում:
Առանձնացվել  է կարճաժամկետ երեք հրատապ միջոցառում`
-տվյալ  համայնքում աղբահանության հատուկ ռեժիմով կազմակերպում
-արջերի մուտքի համար խնդրահարույց  տեղանքներում էլեկտրական հովիվների տեղակայում
-հատուկ էլեկտրոնային վզկապով կուսումնասիրվի խնդրահարույց առանձնյակների վարքը` դրա հետագա գիտական հիմնավորումն ունենալու նպատակով:
Առաջիկա օրերին ևս մեկ հանդիպում կկայանա Շրջակա միջավայրի նախարարությունում, կնշանակվեն յուրաքանչյուր գործողության կոնկրետ պատասխանատուներ և ժամկետներ:
Իր ամփոփիչ  խոսքում նախարարը ևս մեկ անգամ շեշտեց, որ խնդրի լուծման ժամանակ պետք է հավասարակշռվեն բնապահպանական և սոցիալ-տնտեսական շահերը և հորդորեց գործընկերներին առանձնակի  ուշադության կենտրոնում պահել հարցը և դրա դրա արդյունքում տուժած քաղաքացիների խնդիրները: