ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.04.2025
Հայաստանի Հանրապետությունն ընդլայնում է բնապահպանական համագործակցությունը UNEP-ի հետ. նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է UNEP-ի Եվրոպայի տարածաշրջանային տնօրենին

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ապրիլի 8-ին ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Առնոլդ Կրեյլհուբերին։ Հանդիպումը կարևոր արձանագրում է հանդիսանում Հայաստանի և UNEP-ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության հետագա խորացման և նոր նախաձեռնությունների զարգացման ճանապարհին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և UNEP-ի համագործակցության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով բնապահպանական քաղաքականության շարունակական կատարելագործման, բնության պահպանության, կենսաբազմազանության պահպանման և կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի համատեղ գործողությունների կարևորությունը։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի տարածքում UNEP-ի աջակցությամբ արդեն իրականացվող և ծրագրավորված բնապահպանական ծրագրերին, որոնք միտված են էկոհամակարգերի կառավարման արդյունավետության բարձրացմանը, բնապահպանական կառավարման ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը և կայուն զարգացման նպատակների իրականացմանը։
Նախարար Հակոբ Սիմիդյանն Առնոլդ Կրեյլհուբերին է ներկայացրել  ընթացիկ աշխատանքները, որոնք ուղղված են 2026 թվականին Հայաստանի Հանրապետությունում Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) պատշաճ կազմակերպմանը։ Նա ընդգծել է, որ Հայաստանը մեծ պատասխանատվությամբ է մոտենում այս կարևորագույն համաժողովի կազմակերպման գործընթացին՝ դիտարկելով այն որպես հնարավորություն՝ ներկայացնելու երկրի հանձնառությունը կենսաբազմազանության պահպանման և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համաժողովի անցկացման  ենթակառուցվածքային, բովանդակային և կազմակերպչական հարցեր, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ է միջազգային գործընկերների շարունակական աջակցությունը։ Նախարար Սիմիդյանը նշել է, որ UNEP-ի աջակցությունը կարևոր դեր կարող է խաղալ COP17-ի հաջող անցկացման, ինչպես նաև երկարաժամկետ բնապահպանական ծրագրերի կյանքի կոչման գործում։
Քննարկվել են նաև առանձին ծրագրեր, նախարարը ներկայացրել է դրանցից  յուրաքանչյուրի մասով առաջընթացը և գույքագրված խնդիրները։ UNEP-ի աջակցությունը այդ ծրագրերին դիտարկվում է որպես կարևոր ներդրում՝ Հայաստանի բնապահպանական կառավարման համակարգի բարելավման գործընթացում։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ համատեղ ջանքերով նպաստելու գլոբալ և տարածաշրջանային բնապահպանական մարտահրավերների արդյունավետ հաղթահարմանը՝ հիմնվելով միջազգային գործընկերության, համատեղ նախաձեռնությունների զարգացման և կայուն զարգացման սկզբունքների վրա։