ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.11.2022
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) գործադիր քարտուղարի տեղակալ Դմիտրի Մարիյասինին

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) գործադիր քարտուղարի տեղակալ Դմիտրի Մարիյասինին:
Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը։
ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովը (ՄԱԿ ԵՏՀ) ստեղծվել է 1947 թվականի ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի կողմից։ Այն ՄԱԿ-ի 5 տարածաշրջանային հանձնաժողովներից մեկն է։ Հայաստանը ՄԱԿ ԵՏՀ անդամ է հանդիսանում 1993 թվականի հուլիսից։ 
Ողջունելով պարոն Մարիյասինին Շրջակա միջավայրի նախարարությունում, նախարարը նախ անդրադարձել է Հայաստանում որպես ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչի նրա նախորդ գործունեության շրջանին։
«2018 թվականից շուրջ չորս տարի Դուք պաշտոնավարել եք Հայաստանում որպես ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ։ Այդ ընթացքում Ձեր ջանքերով և աջակցությամբ մեր երկրում շատ բնապահպանական ծրագրեր են կյանքի կոչվել։ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը և Շրջակա միջավայրի նախարարությունը համատեղ իրականացրել են բազմաթիվ ծրագրեր, որոնք նպաստել են ինչպես բնապահպանական ուղղվածության կոնվենցիաներով Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը, այնպես էլ՝ ազգային օրենսդրության և կառավարման համակարգի կատարելագործմանը: Ինչի առթիվ շնորհակալ եմ Ձեզ, վստահեցնում եմ, որ մենք հետամուտ ենք այդ բոլոր ծրագրերի հաջող ընթացքին։ Ինչպես նաև շատ ուրախ եմ, որ Հայաստանը լավ ճանաչող բարեկամ-գործընկեր ունենք ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովում։ Վստահ եմ, այս հանդիպումը նոր խթան կհանդիսանա մեր համագործակցության ընդլայնման և առավել արդյունավետ դարձնելու ճանապարհին»,-նշել է նախարարը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Դմիտրի Մարիյասինն իր գոհունակությունն է հայտնել միջազգային հարթակներում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության ակտիվ ներկայացվածության, ինչպես նաև Կիպրոսի Հանրապետությունում կայացած «Շրջակա միջավայրը Եվրոպայի համար» նախարարական համաժողովին և Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում կայացած Միավորված ազգերի կազմակերպության Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին՝ COP27-ին բարձրաստիճան մակարդակով մասնակցության համար։
Առավել մանրամասն անդրադարձ է կատարվել ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի 5 բնապահպանական կոնվենցիաներին, որոնցից Հայաստանը ստորագրել և վավերացրել է 4-ը։
Նախարարը ներկայացրել է յուրաքանչյուրի մասով ընթացիկ աշխատանքները, դրանց առնչվող ոլորտային որենսդրական բարեփոխումները. պայմանավորվածություն է ձեռք բերվել տարվող աշխատանքների ընթացքն առավել ակտիվացնել։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի բնապահպանական կատարողականի գնահատման 2-րդ զեկույցը (EPR) ։
Հանդիպման ավարտին նախարարն առաջարկել է դիտարկել նաև համագործակցության նոր շրջանակներ և իր պատրաստակամությունն հայտնել շարունակել գործնական քայլերը փոխշահավետ համագործակցության հեռանկարային ուղղությունների ընդլայնման բարենպաստ պայմանների ձևավորման գործում՝ նկատի առնելով ՄԱԿ ԵՏՀ գործառույթների համապատասխանությունը ներկայումս շրջակա միջավայրի կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումներին։