ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.12.2025
Նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է UN-Habitat-ի գործադիր տնօրեն, ՄԱԿ-ի գործադիր քարտուղարի տեղակալ Անքլաուդիա Ռոզբախին

Նախարար Համբարձում Մաթևոսյանը ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ասամբլեայի 7-րդ նստաշրջանի (UNEA-7) շրջանակում Քենիայում հանդիպել է  UN-Habitat-ի գործադիր տնօրեն, ՄԱԿ-ի գործադիր քարտուղարի տեղակալ Անքլաուդիա Ռոզբախին:
Հանդիպման ընթացքում ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները՝ կայուն ու կանաչ քաղաքային և գյուղական զարգացման ուղղությամբ։ 
Հայաստանի օրակարգում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում կանաչ և  շրջանաձև տնտեսության անցմանը նպաստող  ռազմավարությունների  մշակումը, ինչպես նաև էներգաարդյունավետության խթանումը։ 
Այս համատեքստում նախարարն ընդգծել է, որ Հայաստանը կարող է օգտվել UN-Habitat-ի մասնագիտական փորձից՝ «խելացի» քաղաքների և գյուղական բնակավայրերի զարգացման, ինչպես նաև շրջանաձև տնտեսության առաջմղման ոլորտներում։
Քննարկվեցին նաև ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի և UN-Habitat-ի միջև ընթացիկ համագործակցության կարևոր ուղղությունները՝ թվային քաղաքաշինական պլանավորման ծառայությունների հարթակի, Քաղաքաշինական կադաստրի  և Ազգային գեոպորտալի ինտեգրման գործընթացները, ինչպես նաև մի շարք այլ ընթացիկ ու հեռանկարային համատեղ նախաձեռնություններ։ 
Որպես Կենսաբազմազանության COP17-ի հյուրընկալող երկիր՝ Հայաստանը մեծ հետաքրքրվածություն ունի ընդգրկելու այս կարևոր թեման բոլոր դիտակետերից՝ ներառյալ մարդկային բնակավայրերի կայուն համակեցությունն ու կենսաբազմազանության պահպանումը։ 
Նախարարը նշել է, որ վերջին տարիներին  էական առաջընթաց է  գրանցվել կենսաբազմազանության ոլորտում՝ ընդունելով Կենսաբազմազանության ազգային ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը (NBSAPs), և պատրաստակամ ենք UN-Habitat-ի հետ համագործակցել դրանց իրականացման շրջանակում, քանի որ դրանք ներառում են քաղաքների կանաչ անցման և կայուն զարգացմանն ուղղված թիրախներ։
Տեղեկացրել է նաև, որ COP17-ի շրջանակներում նախատեսում ենք անցկացնել Քաղաքների ֆորում՝ քաղաքապետերի և քաղաքային իշխանության շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, որը կընթանա հիմնական համաժողովին զուգահեռ։ 
Նախարարը հանդիպման ավարտին հրավիրեց UN-Habitat-ի գործընկերներին Հայաստան: